Թուրքիայի դեսպանատան վրա կրակած հայը պատրաստ է կանգնել դատարանի առաջ և կոչ է անում նույնն անել Թուրքիային
Մոսկվայում Թուրքիայի դեսպանատան վրա կրակ բացած Արթուր Միրզոյանի գործով դատավարությունը մեկ ամսով հետաձվել է. նախապես հայտարարված է եղել սեպտեմբերի 17-ին: Panorama.am-ի հետ զրույցում ասաց Ա.Միրզոյանի հարազատներից Թևոս Հովհաննիսյանը:
Հիշեցնենք, որ օգոստոսի 18-ին ազգությամբ հայ, ՌԴ քաղաքացի 43-ամյա Արթուր Միրզոյանը որսորդական եկրփողանի հրացանով կրակել է Մոսկվայում Թուրքիայի դեսպանատան շենքի ճակատին տեղադրված Թուրքիայի զինանշանի վրա: Երկու գնդակն էլ կպել են նպատակակետին: Ա. Միրզոյանը ձերբակալվել էր, այնուհետև կալանավորվել: Հարուցվել է քրեական գործ ՌԴ քրեական օրենսգրքի «խուլիգանություն» հոդվածով:
Թ. Հովհաննիսյանը պատմում է, որ Արթուր Միրզոյանն արդեն տասը տարի է ապրում է Ռուսաստանում, և Ռուսաստանը համարում է իր երկրորդ հայրենիքը: Նախկինում դատված չի եղել: Քաղաքական որևէ հավակնություն չունի: Աշխատում է և կանոնավոր վճարում է հարկեր:
«Նրա երկու պապերը Հայոց ցեղասպանության ժամանակ գաղթել են Օսմանյան կայսրությունից, մասնակցել են Հայրենական պատերազմին: Արթուր Միրզոյանի հորեղբայրը մահացել է ղարաբաղյան պատերազմի ժամանակ: Արթուրն օգնում է պատերազմի ընթացքում մահացածների ընտանիքներին»,- ասում է Ա. Միրզոյանի հարազատը:
Թ. Հովհաննիսյանի խոսքով, դեպքի վայրից Արթուրը չի փախել, բացի այդ, նա հնարավորություն է ունեցել թաքնվել, քանի որ մեքենայով է եղել:
«Իր կատարած արարքի համար նա պատրաստ է կանգնել դատարանի առաջ՝ այդպիսով կոչ անելով Թուրքիայի կառավարությանը վարվել նույն կերպ: Նրա նպատակն է, որ Թուրքիան ճանաչի Հայոց ցեղասպանությունը: Արթուրն աշխարհի բոլոր հայերին կոչ է անում չմոռանալ իրենց անցյալն ու արմատները: Միաժամանակ նա ասում է, որ այդ հարցը պետք է լուծվի միայն արդարադատության միջոցով»,- նշել է Թ. Հովհաննիսյանը:
Նախորդող հրապարակումներ՝
Մոսկվայում Թուրքիայի դեսպանատան վրա կրակած հայը կալանավորվել է
Մոսկվայում Թուրքիայի դեսպանատան վրա կրակած տղամարդու նկատմամբ քրեական գործ է հարուցվել
Մոսկվայում հայը կրակել է Թուրքիայի դեսպանատան վրա
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին