Մեր տնտեսությունը պետք է պատրաստ լինի յուրաքանչյուր սցենարի. Հովիկ Աբրահամյան
«Բոլորս տեղյակ ենք, որ աշխարհում ընթանում է տնտեսական պատերազմ և մեր երկիրը, մեր տնտեսությունը պետք է պատրաստ լինի յուրաքանչյուր սցենարի»,- գործադիրի այսօրվա նիստում ասաց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը` հավելելով, որ այդ նպատակով ստեղծել են աշխատանքային խումբ, որը ղեկավարում է Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար, փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը, բացի այդ, ընդգրկված են շահագրգիռ բոլոր նախարարությունների ներկայացուցիչներ:
Վարչապետը Վաչե Գաբրիելյանին խնդրեց ներկայացնել աշխատանքային խմբի աշխատանքները: Վերջինս նշեց, որ իրենք տնտեսական դիմադրողականությունը, պաշտպանությունը մեծացնելու համար տարբեր միջոցառումներ են նախատեսել: Այս առումով, ըստ նրա, խիստ կարևոր է արտարժույթային ներհոսքերի ապահովումը: Մասնավորապես` մշակվել է արտահանման խթանման վերաբերյալ օրենքի նախագիծ, որը համարվել է հրատապ և ուղարկել է Ազգային ժողով:
«Դա հնարավորություն կտա խթանել արտահանումը: Դրանից բացի, մի շարք քայլեր ենք նախատեսում նաև միջոցներ ներգրավվելու ուղղությամբ և այս տեսակետից շատ կարևոր է այս միջոցառումը, քանի որ այստեղ միջազգային շուկաներից փող բերելու հնարավորության մասին է խոսվում: Մասնավորապես` այս պահին եթե նայում ենք ՀՀ պարտատոմսերը, ապա դրանց երկրորդային շուկայում շրջանառությունն ունի շատ բարենպաստ տոկոս»,- նշեց Վ.Գաբրիելյանը` հավելելով, որ նախատեսում են նաև մի քանի խոշորածավալ ենթակառուցվածքային ծրագրերի համար այլ ինվեստորներ ներգրավվել:
Փոխվարչապետի խոսքերով` քննարկվել են նաև արտարժույթային շուկայում որոշակի կանոնակարգման հարցեր: Շուտով, ըստ նրա, կառավարությունում կքննարկվի Կենտրոնական բանկի կողմից մշակված արտարժույթային փոխանակման կետերի մասին նոր հայեցակարգը, ինչպես նաև ՏՄՊՊՀ-ի կողմից գների հնարավոր փոփոխություններին արագ արձագանքելու խնդիրը, որպեսզի դրսից եկող էական տատանումներն անմիջապես չազդեն տնտեսության վրա և նոր միջոցներ ներգրավվեն:
«Այս միջոցառումները շատ կարևոր են հատկապես մասնավոր ներդրողների կողմից միջոցներ ներգրավելու համար»,- ընդգծեց Վ.Գաբրիելյանը:
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան