ՀՀ կրթական համակարգը դարձել է ավելի ճկուն. Արամ Սիմոնյան
«Բոլոնիայի հիմնական նպատակը կոնկրետ մեր երկրի համար բարձրագույն կրթական մակարդակը եվրոպական գիտակրթական ընդհանուր տարածքի մաս դարձնելն է»,-Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկած Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի նախարարական գագաթաժողովն ու Բոլոնիայի գործընթացի 4-րդ քաղաքական ֆորումի ժամանակ ասաց ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար Արամ Սիմոնյանը:
Նրա խոսքերով, նոր կրթական համակարգը պահպանել է հնի լավագույն մասերը: Հայաստանի կրթական համակարգը դարձել է ավելի ճկուն, ավելի դյուրազգաց փոփոխությունների նկատմամբ:
Արամ Սիմոնյանը նկատեց, որ խորհրդային միության կրթական համակարգը շատ բարձր էր, բայց չի կարելի ասել, որ այսօր ավելի ցածր մակարդակ է. «Մենք շատ ավելի առաջ ենք անցել, որտեղ մեծ դեր է խաղացել Բոլոնյան կրթական համակարգը»:
Նա ասաց նաև, որ ուսանողն այսօր ընտրության հնարավորություն ունի և դա այն առավելությունն է, որ չկար Խորհրդային միության բարձրագույն կրթական համակարգում:
Նշենք, որ Բոլոնիայի գործընթացն ընդգրկում է 47 եվրոպական երկիր, 10 խորհրդատու կազմակերպություն և այլ գործընկեր կազմակերպություններ: Բոլոնիայի գործընթացի հիմնական բաղադրիչներն են` եռաստիճան կրթական համակարգ, որակավորումների շրջանակ, կրեդիտների կուտակման և փոխանցման համակարգ, դիպլոմի հավելված, որակի ապահովում, փոխճանաչում, համատեղ աստիճանների հավատագրման եվրոպական մոտեցում:
Հիշեցնենք, որ 2012թ.-ին Բուխարեստում կայացած նախարարական գագաթաժողովում Հայաստանը միաձայն ընտրվել է հաջորդ՝ 2015թ. նախարարական գագաթաժողովը հյուրընկալող և քարտուղարության պարտականությունները ստանձնող երկիր:
Նախորդող հրապարակումներ՝
Երևանում անցկացվում է Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի նախարարական գագաթաժողովը (Ուղիղ միացում)
Սերժ Սարգսյան. Բուհական համակարգում մենք ունենք առաջընթաց արձանագրող միտումներ
Երևանյան համաժողովը կլինի պատմական. Ա. Աշոտյան
Կրթությունը քաղաքակիրթ հասարակության հիմքն է. Իլուգի Գունարսոն