Քննչական կոմիտեի ղեկավարին կներկայացնի վարչապետը
«ՀՀ քննչական կոմիտեի» մասին ՀՀ օրենքի նախագիծը Ազգային ժողովի այս քառօրյայի օրակարգ չի ընդգրկվել, հետևաբար քննարկում չի կազմակերպվի: Հանրային քննարկումների փուլ անցած և դեռ հունվարին ԱԺ-ում շրջանառության մեջ դրված օրինագիծը նույնիսկ ԱԺ պետա-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում չի քննարկվել: Խորհրդարանում սպասում են, որ օրինագիծը կքննարկվի և կհաստատվի ԱԺ հաջորդ քառօրյա նիստերի ընթացքում` փետրվարի 24-27-ին:
Դեռ քննարկումների ժամանակ կարծիքներ էին հնչում, որ Կոմիտեն կսկսի աշխատել հունվարից: Թե ինչու է հարցի քննարկումը ձգձգվում, հայտնի չէ, բայց «ՀՀ քննչական կոմիտեի մասին» օրենքի նախագծի անցումային դրույթներ գլխի 55-րդ հոդվածի համաձայն, քննչական կոմիտեի կառուցվածքը պետք է հաստատվի մինչև փետրվարի 28-ը, իսկ ըստ կառուցվածքի նշանակումները պետք է կատարվեն մինչև մարտի 31-ը:
Ինչ վերաբերում է նշանակումներին, ապա օրինագծի 23-րդ հոդվածով սահմանվում է քննչական կոմիտեում պաշտոնի նշանակելը և պաշտոնից ազատելը: Ըստ այդմ, քննչական կոմիտեի նախագահին նշանակում է Հայաստանի Հանրապետության Նախագահը՝ ՀՀ վարչապետի ներկայացմամբ: Իսկ տեղակալներին քննչական կոմիտեի նախագահի ներկայացմամբ նշանակում է Հայաստանի Հանրապետության Նախագահը:
Քննչական կոմիտեի նախագահի պաշտոնում մինչ այժմ գլխավոր դատախազի պաշտոնը ժամկետի ավարտի հետ կապված թողնելուց հետո միակ ֆավորիտը մնում է Աղվան Հովսեփյանը: Հենց նա էլ ղեկավարում էր նախագահ Սերժ Սարգսյանի կարգադրությամբ ստեղծված միասնական քննչական մարմնի կազմավորման իրավական ապահովման հանձնաժողովը, որն էլ աշխատում էր Քննչական կոմիտեի մասին օրենքի նախագծի ու դրան հարակից մեծ փաթեթի մշակման վրա:
Panorama.am-ի հարցին, թե արդյոք կոնկրետ անձ կա՞, ում թեկնածությունը պատրաստվում է վարչապետը ներկայացնել նախագահին, վարչապետի մամլո խոսնակ Հարություն Բերբերյանը պատասխանեց, որ կոնկրետ թեկնածուի մասին ոչինչ չի կարող ասել և հավելեց. «Քանի դեռ օրենքի նախագիծը Ազգային ժողովում է և դրա շուրջ քննարկումներ են ընթանում, այդ մասին խոսելը վաղ է»:
Հարակից հրապարակումներ`
* Նոր ստեղծվելիք Քննչական կոմիտեի կազմում օմբուդսմեն կաշխատի
* Ովքեր են աշխատելու նորաստեղծ Քննչական կոմիտեում և ինչպես են վարձատրվելու
* Հանրությանն է ներկայացվել «Միասնական քննչական կոմիտեի» մասին օրենքի նախագիծը
* Միասնական քննչական մարմին` առանց ՊԵԿ քննչական ծառայության (տեսանյութ)
* Վաղ, թե ուշ բոլոր քննչական ծառայությունները կլինեն մեկ մարմնի կազմում. Գևորգ Դանիելյան (տեսանյութ)
* Հիմնական պատճառը գերատեսչական անկախությունն էր, որ միասնական քննչական մարմին է ստեղծվում. Ղազինյան (տեսանյութ)
* Նոր ստեղծվելիք քննչական կոմիտեի ծառայողը պետք է ունենա արտաքին և ներքին անկախություն. Արթուր Ղամբարյան (տեսանյութ)
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը