Վարդան Ղուկասյանի եղբորորդուն դատախազը միջնորդել է դատապարտել 22 տարով. Galatv.am
Այսօր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում դատախազներ Արմեն Շիրոյանն ու Կարեն Գաբրիելյանն ընթերցել են 2013 թվականի ապրիլի 23-ին Գյումրու Շիրակացի փողոցում տեղի ունեցած փոխհրաձգության գործով մեղադրական ճառը, որը կազմված է եղել 44 էջից: Հիշեցնենք` այս գործով ամբաստանյալը Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եղբորորդին է` Վահե Ղուկասյանը:
Galatv.am-ը փոխանցում է, որ դատախազները մանրամասն ներկայացրել են գործին վերաբերող փաստերն ու ապացույցները:
Այսպիսով մեղադրող կողմն առաջարկում է դատարանին Գյումրու նախկին քաղաքապետի եղբորորդու՝ սույն գործով ամբաստանյալ Վահե Ղուկասյանի նկատմամբ վերջնական պատիժ նշանակել ազատազրկում 22 տարի ժամկետով:
«Որպես անձը բնութագրող հանգամանք հաշվի առնել այն, որ Վահե Ղուկասյանը նախկինում դատապարտված չի եղել: Ելնելով վերը նշվածներից եւ ղեկավարվելով ՀՀ ՔՕ 54, 354 հոդվածի 2-րդ, 4-րդ, 5-րդ կետերով՝ միջնորդում եմ. Վահե Ղուկասյանին մեղավոր ճանաչել ՀՀ ՔՕ 104 հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություն կատարելու համար եւ նրան դատապարտել 12 տարի ժամկետով ազատազրկման, Վահե Ղուկասյանին մեղավոր ճանաչել ՀՀ ՔՕ 34-104 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով նախատեսված հանցագործություն կատարելու համար եվ նրա նկատմամբ որպես պատիժ նշանակել ազատազրկում 12 տարի ժամկետով: Վահե Ղուկասյանին մեղավոր ճանաչել ՀՀ ՔՕ 235 հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություն կատարելու համար եւ նրա նկատմամբ որպես պատիժ նշանակել ազատազրկում երկու տարի ժամկետով, ՀՀ ՔՕ 66 հոդվածի կարգով պատիժները մասնակի գումարելու միջոցով վերջնական պատիժ նշանակել ազատազրկում 22 տարի ժամկետով: Ընտրված խափանման միջոց կալանավորումը թողնել անփոփոխ մինչեւ դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը»,-ճառն ընթերցելիս հայտարարել է դատախազ Կարեն Գաբրիելյանը:
Լսելով մեղադրական ճառը՝ ամբաստանյալ Վահե Ղուկասյանը, դիմելով մեղադրող կողմը ներկայացնող դատախազներին, արձագանքել է. «Ցմահ դատեք էլի մեկից, պատժվելու եք, սրանք սատանա են»:
Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում
Հարակից հրապարակումներ`
Շեկոյի դեմ քրեական գործը կարճվել է` ինքնապաշտպանության հիմքով
Գյումրիի աղմկահարույց գործով ամբաստանյալ Վահե Ղուկասյանը տեղափոխվել է քաղաքացիական հիվանդանոց