Ադրբեջանցի դիվերսանտները վերցրել էին Մեխակ Ցականյանի մոտ եղած գումարը, որով նա դպրոցական հագուստ էր գնելու իր համար
Ադրբեջանցի դիվերսանտ Դիլհամ Ասկերովն այսօր հրաժարվել է ցուցմունք տալուց՝ նշելով, որ բոլոր ցուցմունքներն արդեն տվել է նախաքննության ընթացքում, որոնք կարող են հրապարակվել դատախազ Կարեն Գաբրիելյանի կողմից: Այնուհետև մեղադրող կողմը հրապարակել է այս տարվա սեպտեմբերի 16-ին, նախաքննության ժամանակ, ամբաստանյալ Ասկերովի ցուցմունքները, համաձայն որի, Ասկերովն ընդունել է, որ փորձաքննության արդյունքներով բերված ապացույցները վկայում են, որ ինքն է սպանել Սմբատ Ցականյանին, բայց պատանու սպանության մեջ ամբաստանյալն իրեն մեղավոր չի ճանաչել: Այս մասին գրում է Արցախպրեսս-ը:
Դ. Ասկերովին պատկանող ինքնաձիգը, որից սպանվել է Սմբատ Ցականյանը, ունեցել է այն զորամասի համարն, որի հետախուզական գումարտակում ադրբեջանա-ղարաբաղյան պատերազմի տարիներին ծառայել է ամբաստանյալն, ով սակայն պատահականություն է համարել այդ փաստը:
Այնուհետև դատարանը լսել է տուժողի իրավահաջորդ, սպանվածի հոր՝ Մեխակ Ցականյանի ցուցմունքները, ըստ որի, Սմբատ Ցականյանը գումար էր վաստակում միրգ հավաքելու և վաճառելու միջոցով: Անհետանալու օրը նա կրկին գնացել էր կեռաս և ընկույզ հավաքելու: Պատանու տարօրինակ ուշացումը անհանգստացրել է ծնողներին և նրանք սկսել են փնտրել բոլոր հավանական վայրերում, որտեղ կարող էր լինել նա: Երկօրյա ապարդյուն որոնումներից հետո դիմել են տեղի ոստիկանության բաժին: Սակայն միայն ադրբեջանական հետախուզական-դիվերսիոն խմբի բացահայտումից հետո է պարզվել, որ պատանին նրանց մոտ է եղել, իսկ ավելի ուշ էլ իմացել են, որ նա սպանված է:
Ի դեպ, ձերբակալման պահին դիվերսանտների մոտ հայտնաբերվել էր հայկական դրամ ու Ղարաբաղ Տելեկոմի կանխավճարային քարտ, որը նրանք առգրավել էին Սմբատ Ցականյանից: Հոր՝ Մեխակ Ցականյանի ցուցմունքի համաձայն, պատանին այդ գումարը հավաքել էր դպրոցական հագուստ և պարագաններ գնելու համար:
Այսօրվա դատական նիստի ընթացքում ցուցմունք է տվել նաև տուժող Վրեժ Բալայանը: Ադրբեջանական հանցագործ խմբի անդամները կոտրելով նրա տան կողպեքը, գողացել էին անձնագիրն ու զինվորական գրքույկը, վերարկուն, ինչպես նաև հորթը: Նա նշեց, որ անջրանցիկ տոպրակի մեջ դրված փաստաթղթերը կախված են եղել պատին: Տուժող Բալայանն իր փաստաթղթերի անհետանալու մասին տեղեկացել է ոստիկանությունից, երբ արդեն ձերբակալվել էր Դ. Ասկերովը, ում հագած գողացված վերարկուի գրպանից հայտնաբերվել էին կորած փաստաթղթերը:
Ասկերովը հաստատել է, որ իսկապես իր գրպանում են եղել այդ փաստաթղթերը, որոնց մասին ինքը տեղյակ չի եղել, քանի որ դրանք խմբի սպանված անդամ Հասանովն է գողացել, և մինչև վերարկուն իրեն հանձնելը գրպանում էր դրել այդ փաստաթղթերը, որոնց գոյության մասին ինքը միայն ձերբակալման ժամանակ է իմացել:
Հիշեցնենք, որ Ստեփանակերտում` ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում շարունակվում է ԼՂՀ պետական սահմանը ապօրինաբար հատած ադրբեջանական հետախուզական-դիվերսիոն խմբի երկու անդամների՝ Շահբազ Գուլիևի և Դիլհամ Ասկերովի գործով դատավարությունը, որը մեկնարկել է հոկտեմբերի 27-ին:
Նախորդող հրապարակումներ՝
«Ս.Ցականյանը գիտե՞ր, որ դուք ադրբեջանցիներ եք»... Ադրբեջանցի դիվերսանտների նոր ցուցմունքները
Ս. Օհանյան. Արցախն այստեղ էլ ցույց է տալիս, որ ժողովրդավարական երկիր է
Ադրբեջանցի դիվերսանտի հակասական ցուցմունքները
Ադրբեջանցի դիվերսանտը մյուսի մասին. «Շատ կեղտոտ ու վատ անձնավորություն է, Ադրբեջանի ԱԱԾ աշխատակից է»
Սմբատ Ցականյանի հայրը գոհ է դատավարության ընթացքից. ադրբեջանցի դիվերսանտների գործ
Լ. Ալավերդյան. Ադրբեջանցի դիվերսանտների դատավարությունն ընթանում է միջազգային նորմերին համապատասխան (տեսանյութ)
Ադրբեջանցի դիվերսանտը ցուցմունք է տվել (լուսանկարներ)
Ստեփանակերտում մեկնարկել է ադրբեջանցի դիվերսանտների դատավարությունը
Լրահոս
Տեսանյութեր
Քաղտեխնոլոգ. Մոսկվայում Ալիևը հրաժարվեց վճարել խաղաղապահների՝ Արցախից դուրս գալու գինը