Արմեն Հարությունյան. Հայաստանի իշխանությունների հետ արդեն հինգ տարի է կապ չունեմ
«Հայաստանի իշխանությունների, երկրի հետ ես արդեն հինգ տարի է կապ չունեմ: Նաև անկախ նրանից, ես կընտրվեմ, թե կմնամ ՄԱԿ-ում, Հայաստան վերադառնալու նպատակ, մտադրություն չունեմ: Իմ ընտանիքի անդամներն էլ արդեն մեկնում են Հայաստանից»,-լրագրողների հետ զրույցում ասաց Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության մրցույթի հարցազրույցի փուլի մասնակից Հայաստանի Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արմեն Հարությունյանը՝ պատասխանելով հարցին, թե դեռ նախորդ մրցույթից սկսած դուք համարվում եք իշխանությունների հիմնական թեկնածուն, որ պետք է ներկայացնենք Հայաստանը ՄԻԵԴ-ում:
Նշենք, որ այժմ Ա. Հարությունյանը Կենտրոնական Ասիայում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնակատարի տարածաշրջանային գրասենյակի ղեկավարն է, Ուկրաինայում Մարդու իրավունքների մշտադիտարկման ՄԱԿ-ի առաքելության ղեկավարը:
Պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ եք ուզում դառնալ ՄԻԵԴ-ում Հայաստանի դատավորը, նա ասաց, որ ինքն իրավաբան է, յուրաքանչյուր իրավաբանի համար պատվաբեր է լինել դատավոր ՄԻԵԴ-ում:
Իսկ թե ինչպե՞ս է գնահատում իր մրցակիցներին (13 հոգի), Ա. Հարությունյանն ասաց, որ բոլորին չի ճանաչում, իսկ նրանց, ում ճանաչում է, տաղանդավոր մարդիկ են, բավականին բարձր մակարդակով կարող են ՄԻԵԴ-ում ներկայացնել Հայաստանը:
Պատասխանելով հարցին, թե հայաստանյան դատական համակարգից դժգոհները վերջերս հաճախ են դիմում ՄԻԵԴ, կարծո՞ւմ եք կլինեք այն դատավորը, որը կկարողանա հարցերին տալ այն պատասխանները, որոնք ակնկալում են, նա ասաց. «Կարծում եմ՝ այո: Եթե այդպես չկարծեի, չէի դիմի»:
Հիշեցնենք, որ այս պահին շարունակվում է մրցույթի հարցազրույցի փուլը:
Նախորդող հրապարակումներ՝
ՀՀ-ում տեղի ունեցած ամենահակաժողովրդավարական դեպքն՝ ըստ նախկին օմբուդսմանի
ՄԻԵԴ. Հարցազրույցի փուլն ուշացումով մեկնարկեց Վահե Գրիգորյանի դիմումի պատճառով
Մեկնարկել է ՄԻԵԴ-ում հայ դատավորի մրցույթի հարցազրույցի փուլը