ՀՀ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ. ՀԱՐՈՒՑՎԵԼ ԵՆ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԵՐ
Հանրապետության գլխավոր դատախազի մոտ այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են 2009 թվականի մայիսի 31-ին կայացած Երևանի ավագանու ընտրությունների ընթացքում ընտրախախտումների վերաբերյալ ահազանգերն ու ԶԼՄ-ների հրապարակումները, դրանց ստուգման արդյունքները:
ՀՀ գլխավոր դատախազը հանձնարարել է հարուցել քրեական գործ՝ Մալաթիա- Սեբաստիա համայնքի տարբեր տեղամասերում լցոնումների, լրագրողների, դիտորդների նկատմամբ բռնություն գործադրելու վերաբերյալ ԶԼՄ-ների հրապարակումների կապակցությամբ՝ իրականացնելու նախաքննություն հրապարակումներում մատնանշված հանգամանքները պարզելու, ընտրախախտում կատարած անձանց ի հայտ բերելու և նրանց պատասխանատվության ենթարկելու հարցը լուծելու համար:
Քրեական գործով նախաքննությունը կիրականացնի ՀՀ հատուկ քննչական ծառայությունը:
Գլխավոր դատախազը հանձնարարել է քրեական գործ հարուցել նաև Էրեբունու տարածքում տեղակայված թիվ 9/1 ընտրատեղամասում լրագրողների հետ տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ՝ թելադրված քննչական գործողություններ կատարելու և բազմակողմանի քննություն կատարելու անհրաժեշտությամբ: Քրեական գործով նախաքննությունն իրականացնում է ոստիկանության Էրեբունու բաժինը:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից, որոշ ընտրատեղամասերում գրանցված միջադեպերի վերաբերյալ հրապարակումների ստուգումները շարունակվում են և դրանց արդյունքների մասին հանրությանը կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն:
Ընտրախախտումների վերաբերյալ բոլոր ահազանգերը գրանցվել են և ուղարկվել համապատասխան մարմիններ՝ օրենքով սահմանված կարգով ստուգման:
Գլխավոր դատախազությունից, դիմում և ակնկալում են, որ ընտրախախտումների վերաբերյալ ահազանգեր հնչեցրած քաղաքացիները, կուսակցությունները, նախընտրական դաշինքներն ու հասարակական կազմակերպությունները նախաքննություն իրականացնող մարմիններին կտրամադրեն ընտրախախտումների վերաբերյալ իրենց կողմից հնչեցրած ահազանգերի հիմք հանդիսացած տվյալները:
Հիշեցնենք, որ ավելի վաղ գլխավոր դատախազի մամուլի քարտուղարը Panorama.am-ին ասել էր, որ հանձնարարվել է ապահովել դատախազական պատշաճ հսկողություն՝ ընտրախախտումների վերաբերյալ ահազանգերի, այդ թվում՝ մամուլի հրապարակումների օրենքով սահմանված կարգի քննարկման նկատմամբ:
http://www.panorama.am/am/law/2009/06/01/proc/
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյանի սերը կիրանցիների նկատմամբ արտահայտվեց ոստիկանական բռնությունների գործադրմամբ. Մինասյան