Գ. Մելիքյան. «Օրենսդրական փոփոխության հետևանքով տուժած հղի կանայք կփոխհատուցվեն մեկ ամսում»
«Երկրում կա դժգոհություն, այն սոցիալական արմատներ ունի , բայց չեմ կարծում, թե սոցիալական դժգոհություն չկա»,- այսօրվա ասուլիսում հայտարարեց ՀՀԿ-ական պատգամավոր Գագիկ Մելիքյանը։
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ պատգամավորն անդրադարձավ երկրում տիրող սոցիալական խնդիրներին` փողոցային առևտրով զբաղվողների, վրացական պետհամարանիշներով ավտոմեքենաների վարորդների և այլնի հետ կապված դժգոհություններին ։ Սակայն այդ դժգոհությունների հիմքում, ըստ պատգամավորի, ընկած է ցանկությունն աշխատել անօրինական դաշտում:
«Բոլորս պետք է աշխատենք օրինական դաշտում՝ և իշխանավորները, և շարքային քաղաքացիները»,- ընդգծեց Գ.Մելիքյանը։
Ի դեպ, պատգամավորն անդրադարձավ նաև մի խնդրի, որը վերջերս ևս դժգոհության ալիք էր բարձրացրել:
«Կառարավարությունը խորհրդարանին է ներկայացրել «Ժամանակավոր անաշխատունակության մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների մասին նոր նախագիծը, որով էլ կլուծվի հղիության նպաստների հետ կապված դժգոհությունների խնդիրը»,- տեղեկացրեց նա։
Այսինքն, հիշյալ նախաձեռնությունը թույլ կտա նախածննդյան և հետծննդյան նպաստներից օգտվել ոչ միայն աշխատող, այլև չաշխատող կանանց, ինչը նախկին օրենքում ուղղակի բացակայել է։
Եթե փոփոխություններն ընդունվեն, ապա դա կնշանակի, որ այդ կանայք ևս կստանան նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով գումար, իսկ նրանք, որ այս ընթացքում օգտվել են հղիության արձակուրդից և, փաստորեն, տուժել են նախորդ օրենսդրական փոփոխության հետևանքով կփոխհատուցվեն մեկ ամսում։