Սերժ Սարգսյանը ներողություն է խնդրել զոհվածի ընտանիքի անդամներից, որ չկարողացավ պահպանել նրա կյանքը
Աշխատանքային այցով այսօր Շիրակի մարզում էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Երկրի ղեկավարը Գյումրիից մեկնել է Ամասիայի շրջանի Բանդիվան համայնք, այցելել` մարտական հենակետում այս տարվա հունվարի 20-ին հակառակորդի կողմից հրազենային գնդակից մահացու վիրավորված և զոհված պայմանագրային զինծառայող, ավագ լեյտենանտ Հովհաննես Սուքիասյանի հայրական տուն:
Նախագահն իր ցավակցությունն է հայտնել ազատամարտիկի ընտանիքի անդամներին, շնորհակալություն հայտնել Հովհաննեսի նման որդի դաստիարակելու համար և ներողություն խնդրել, որ չկարողացավ պահպանել նրա կյանքը:
«Որպես Երկրի Նախագահ, կարող եմ ձեզ խոստանալ, որ ամեն ինչ անելու եմ, որպեսզի ԼՂ հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծվի, որ այդ խաղաղությունն արժանապատիվ լինի: Դա լավագույն հարգանքի տուրքը կլինի մեր բոլոր զոհվածների հիշատակին: Նրանք կարողացան կյանքի գնով պաշտպանել մեր Հայրենիքը, մենք կկարողանանք արժանապատիվ խաղաղություն կնքել»,- ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը: Երկրի ղեկավարի մամուլի գրասենյակի հաղորդմամբ, Սերժ Սարգսյանն այնուհետև Հովհաննեսի հոր և պապի հետ այցելել է զոհվածի շիրիմին: