Երեխաների թրաֆիկինգ. ազատազրկում, գույքի բռնագրավում ու պաշտոնի անվերադարձ կորուստ
2005թ-ից մինչ այսօր Հայաստանում երեխաների թրաֆիկինգի ընդամենը 5 դեպք է արձանագրվել, որոնց արդյունքում տուժել է թվով 11 երեխա: Այս մասին այսօրվա Երևան-Մոսկվա տեսակամուրջի ժամանակ, որը նվիրված էր հիշյալ խնդրին, նշեց Թրաֆիկինգի դեմ պայքարի ռեսուրսային կենտրոնի իրավաբան Դավիթ Թումասյանը:
Ընդ որում` այս թիվը հնչեց այն բանից հետո, երբ տեսակամուրջի մոսկովյան հյուրերից մեկը, ՌԴ մարդու իրավունքների լիազոր ներկայացուցիչ Իրինա Վիխրովան ներկայացրեց իր երկրի վիճաագրությունը` երեխաների դեմ կատարվող հանցագործությունների թիվը հաշվվում է հազարներով ու ու հատկապես վերջին տարիներին, նշեց մասնագետը, կտրուկ աճ արձանագրում:
«Հայաստանում բարելավվել է գործող օրենսդրությունը և սույն թվականի մարտի մեկի դրությամբ կատարվել փոփոխություններ, որոնք արդեն ուժի մեջ են մտել»,-հայտարարեց Դ.Թումասյանն ու մանրամասնեց:
Այդ փոփոխությունների հիման վրա ՀՀ քրեական օրենսգիրքը «հարստացել է» առանձին հոդվածով, որը նախատեսում է պատասխանատվություն կոնկրետ երեխաների թրաֆիկինգի համար: Իրավաբանի խոսքով` դրանք բավականին խիստ պատիժներ են նախատեսում` 7-15 տարի ազատազրկում գույքի բռնագրավմամբ, կամ առանց դրա, ինչպես նաև` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքի զրկում: Ի դեպ, նախկինում պաշտոնների վերաբերյալ այս դրույթը ընդհանրապես բացակայում էր:
Պարզաբանելով Panorama.am-ի հարցը, թե արդյո՞ք ներկայիս օրենսդրությունը նմանատիպ հանցագործությունների համար պատիժ տուգանքի տեսքով նախատեսում է, բանախոսը նշեց, որ տուգանք կիրառվել է 2003թ-ի դրությամբ, երբ ՔՕ-ում ընդունվել է «Մարդկանց առևտուր» հոդվածը.
«Բայց տուգանքը ընդհանրապես համապատասխան պատիժ չէր համարվում, որովհետև բավականին մեղմ պատիժ էր նախատեսում այդպիսի «եկամտաբեր» հանցագործության համար, ինչպիսին որ թրաֆիկինգն է: Եվ հենց եկամտաբերությունն է պատճառը, որ մենք նախատեսեցինք նաև գույքի բռնագրավումը իբրև լրացուցիչ պատժատեսակ»,- պարզաբանեց նա ու ավելացրեց` տուգանք չի նախատեսվում 2006թ-ից սկսած և այդ տարեթվից սկսած թրաֆիկինգի դեպքում միակ պատիժն ազատազրկումն է:
Այսօրվա դրությամբ երեք նախագիծ կա, որոնց համահեղինակը Դ.Թումասյանն է. մեկը, ինչպես նշեցինք, արդեն իսկ այս տարի ուժի մեջ է մտել, երկրորդը ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանի առաջարկած փոփոխություններն են սեռական հանցագործությունների վերաբերյալ հոդվածներում և երրորդը Քրեական դատավարության օրենսգրքի փոփոխություններն են, որ նախատեսում են սեռական հանցագործությունների և տուժած կամ վկա երեխաների պաշտպանությունը և նրանց դատավարական կարգավիճակի փոփոխությունը, քանի որ ՀՀ օրենսդրությունն ունի պրակտիկ խնդիր դրա իրականացման հետ:
Վերադառնալով տեսակամուրջի հենց սկզբում հրապարակած պաշտոնական տվյալներին, Դ.Թումասյանն ընդգծեց, որ քանի որ գործ ունեն «լատենտային բնույթ կրող հանցագործության հետ», ապա պարզ է, որ իրական թիվը կարող է այլ լինել: Սակայն որքան էլ ռուսական կողմի գործընկերները զարմանում են ու նաև նախանձով նշում, թե թիվը համեմատած ռուսաստանյան ցուցանիշների հետ բավականին ցածր է, այդուհանդերձ` եթե կա նույնիսկ մեկ դեպք, դրա դեմ պայքար պետք է մղվի:
Ինչ վերաբերում է անչափահասների նկատմամբ սեռական ոտնձգությունների դեպքերին, ապա Դ.Թումասյանն ընդգծեց` 2009թ-ին Հայաստանում արձանագրվել է 43 նմանատիպ դեպք.
«Համեմատելով ՌԴ տվյալների հետ այս ցուցնիշը թվում է բավականին փոքր, սակայն եթե դիտարկենք հանցատեսակների ընդհանուր ցուցանիշների կոնտեքստում` լուրջ թիվ է»,- հավելեց նա:
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան