«Զատիկի ձու» շենքերին փոխարինելու են գալու բեժ ու մոխրագույները. Լուծում Երևանի գլխավոր դիզայներից
Մայրաքաղաքում «զատիկի ձու» հիշեցնող շենքեր այլևս չեն լինի: Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում վստահեցրեց Երևանի քաղաքապետի խորհրդական - գլխավոր դիզայներ Գառնիկ Ամատունյանը:
Նշենք, որ բլոգերներից ոմանք «զատիկի ձու» էին որակել հարևանությամբ գտնվող դեղին ու վարադագույն ներկված շենքերը: «Երևանը իր գունային պատկերը բացարձակ կորցրել է՝ տեսնում ես մի շենք դեղին է, մյուսը անդուր սև, երորդը վարդագույն, չորրոդը կանաչ... ու էդ բոլորը իրար կպած են...ու ահավոր արհեստական»,-նկարի տակ գրառել էր apasionade բլոգերը:
Հիշեցնենք, որ շենքերի գունազարդումը սկսվեց նախորդ քաղաքապետ Կարեն Կարապետյանի օրոք: Այդ ժամանակ Երևանի գլխավոր դիզայները Վարդան Վարդանյանն էր, ով սեփական դիմումի համաձայն ազատվեց աշխատանքից, նախորդ տարվա օգոստսոսից նրան փոխարինելու եկավ հանրությանը Գագա Ամատունին, ով նաև սեփական բիզնես ունի` «Դիզայն դելյուքս - «Գագա Ամատունի» ՍՊԸ տնօրենն է:
«Ես ճիշտն ասած, լինելով պրոֆեսիոնալ մարդ, երբևիցե ոչ մի անգամ չեմ քննադատել իմ կոլեգաների աշխատանքը, ես կպատասխանեմ հետևյալ ձևով: Այս տարի շարունակվելու է գունազարդման աշխատանքները` ներկվելու և լվացվելու են ահագին մեծ քանակությամբ շենքեր: Տրվել են գունային լուծումներ` հաշվի առնելով բոլոր ճարտարապետական նորմերը, լինելու է այնպես, որ նայելով շենքին դուք չեք նկատելու այդ գունային տարբերությունը, բայց ամբողջովին վերանորոգված վիճակ եք տեսնելու»,-բացատրեց քաղաքապետի խորհրդականը:
Այսինքն` կարմիր շենքը դեղինի կողքին չի՞ լինի: «Ես չեմ ուզում նմանատիպ բան լինի, ենթադրում եմ, որ չի լինի: Լուծումները հետևյալն են, որ շենքերի գունավորումները պետք է լինեն համահունչ, լինի մեկ կոլորիտ»,-ասաց Գ. Ամատունյանն ու ավելացրեց, որ լինելու են շենքեր, որոնք նորից ներկվելու են:
«Պարտադիր կերպով փոխվելու է բժշկական համալսարանի շենքի գույնը: Ես հենց առաջին օրից բարձրացրել եմ այդ հարցը»,-ասաց մեր զրուցակիցը, նշելով, որ առկա գույնը «խանգարում է շենքի ճարտարապետությանը»: Այժմ մշակվում է ԵՊԲՀ շենքի ապագա գույնը:
Մայրաքաղաքում, ըստ գլխավոր դիզայների, գերակշռելու են մոխրագույնը, բեժը, «քանի որ մեր շենքերը ընդհանուր առմամբ տուֆի ու բեժ գույների մեջ են, դրանք համահունչ կլինեն»: Ինչ վերաբերում է բետոնապատ շենքերին, ապա դրանք էլ կլինեն շագանակագույն ու Երևանի կոլորիտին համապատասխան:
Լուսանկարները` Լիլիան Գալստյանի