Հանգուցյալ Մագնիտսկին մեղավոր է ճանաչվել. միջազգային հանրությունը ռուսական դատավարությունն աննախադեպ է որակում
Մոսկվայի Տվերսկոյ դատարանը անօրինական ճանապարհով հարկերի վճարումից խոսափելու համար նախօրեին մեղավոր է ճանաչել 2009 թ-ին բանտում մահացած «Hermitage Capital» հիմնադրամի իրավաբան Սերգեյ Մագնիտսկուն և նույն հիմնադրամի ղեկավար Ուիլյամ Բրաուդերին: «ԲիԲԻՍի»-ի հաղորդմամբ, ընթացիկ դատավարությունն առաջինն է ռուսական և սովետական դատական պատմության մեջ, երբ մեղադրական դատավճիռ է հրապարակվում մահացած մարդու նկատմամբ:
Դատավճռի գործողությունը Մագիստկու նկատմամբ ինքնաբերաբար կասեցվել է վերջինիս մահվան պատճառով, մինչդեռ ռուսական իրավապահների կողմից հետախուզվող Ուիլյամ Բրաուդերը հեռակա կարգով դատապարտվել է 9 տարվա ազատազրկման: Մեծ Բրիտանիան, որտեղ գտնվում է Բրաուդերը, արդեն մերժել է նրան հանձնելու ռուսական կողմի հայցը:
«Իտառ-Տասս» գործակալության տեղեկացմամբ, դատարանը հաստատված է համարել այն փաստը, որ 2001 թ-ին Մագնիտսկին գործունեության անօրինական սխեմա է մշակել և «Hermitage Capital» հիմնադրամի ղեկավար Բրաուդերին օգնել է խուսափել հարկերից: Քրեական գործի մեկ այլ դրվագով, Բրաուդերը մեղավոր է ճանաչվել Գազպրոմ ընկերության բաժնետոմսներն անօրինական ճանապարհով ձեռք բերելու համար: Դատավճռով, Բրաուդերի և Մագնիստկու համատեղ գործունեության արդյունքում ռուսական բյուջեն կորցրել է շուրջ 500 միլիոն ռուբլի:
Մագնիստկու նկատմամբ սույն քրեական գործը հետին պլան էր մղվել դեռևս 2009 թ-ին, իրավաբանի բանտում մահվան հանգամանքները քննող մեկ այլ դատական գործի համատեքստում և վերսկսվել էր միայն այս տարի:
Հանգուցյալի նկատմամբ դատավարությունը մեծ արձագանք է առաջացրել իրավապաշտպան կազմակերպությունների և միջազգային հանրության շրջանում, ովքեր նշում են, թե ռուսական օրենսդրությունը թույլ չի տալիս մեղադրական դատավճիռ հրապարակել մահացած մարդու նկատմամբ՝ այդպիսով դատական գործընթացը պիտակելով «անօրինական»:
«ԲիԲԻՍի»-ի հետ զրույցում ՌԴ Սահմանադրական դատարանի նախկին դատավոր Թամարա Մորշակովան հայտարարել է, թե մեղադրյալի մահվան հանգամանքն հաշվի առնելով, պետք է գործընթացը կասեցվեր առանց դատավճռի հրապարակման:
Դատական գործընթացի դեմ բազմիցս հանդես էին եկել Մագնիտսկու մայրն ու ընտանիքի մյուս անդամները, մեղադրելով ռուսական իշխանություններին իրավաբանի մահվան հանգամանքները կոծկելու մեջ, մինչդեռ դատախազությունը հետաքննումը բացատրում էր գործի հասարակական մեծ հնչեղությամբ: Հարկ է նշել, որ դատարանում ի պաշտպանություն Մագնիտսկու փաստարկներ ներկայացնելուց հրաժարվել էր նաև նրա փաստաբանը:
Լոնդոնի քաղաքապետ Բորիս Ջոնսոնը մահացած Մագնիտսկու նկատմամբ դատավարությունը համեմատել է «միջնադարում կենդանիների նկատմամբ պրոցեսների հետ»:
ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Ջեն Փսակին հայտարարել է, թե «իրենք հիասթափված են Սերգեյ Մագնիտսկու նկատմամբ աննախադեպ գործընթացի առնչությամբ»:
Մեծ Բրիտանիայի ԱԳ գերատեսչությունը դատական գործը «բացառիկ» է որակել և հայտարարել, թե այն կխորացնի ռուսական դատական համակարգի նկատմամբ առկա բացասական ընկալումները:
Դատական գործն ավարտին հասցնելու վերաբերյալ իշխանությունների որոշումը մի շարք փորձագետներ բացատրում են քաղաքական և քարոզչական նպատակներով, համաձայն որոնց նպատակ էր հետապնդվում ապացուցված համարել Մագնիտսկու մեղավորությունը լեգիտիմ ճանապարհով, ձեռք տակ ունենալով վճիռ, այդպիսով որոշակիորն չեզոքացնելով Մագնիտսկու «անմեղ զոհի» հասարակական ընկալումը մարդկանց և միջազգային հանրության մոտ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում շատ են աշխատում, քիչ վճարվում. Աշխատանքի օրը՝ աշխատավորների խնդիրների մասին