Ես բոլոր դեպքերում կողմնակից եմ քաղաքական ապահարզանին. Աշոտյանը` ՕԵԿ-ի կոալիցիայից դուրս գալու որոշման մասին
«Քաղաքականության մեջ զարմանալի երևույթներ չկան, միշտ լավատես եմ, և ՕԵԿ-ի քաղաքական ապագայի հետ կապված ևս լավատեսորեն եմ տրամադրված»,- այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ կրթության և գիտության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Աշոտյանը` անդրադառնալով ՕԵԿ-ի կոալիցիայից դուրս գալու որոշմանը:
Հարցին, թե արդյոք արդյունավետ չի եղել երկու ուժերի համագործակցությունը, Ա.Աշոտյանը պատասխանեց. «Ես բոլոր դեպքերում կողմնակից եմ քաղաքական ապահարզանին և կարծում եմ, որ փոխադարձ հարգանքը ամեն դեպքում համատեղ ապրած տարիների հանդեպ պետք է պահպանել, ուստի ես հաջողություն եմ մաղթում ՕԵԿ-ին, համատեղ աշխատանքի համար շնորհակալություն եմ հայտնում նաև կրթության ոլորտում ցուցաբերած նախաձեռնությունների տեսքով: Կարծում եմ, որ ՀՀԿ-ն ի վիճակի է քաղաքական զարգացումներ ապահովել` ունենալով խորհրդարանական մեծամասնություն և իր կողմից ձևավորվելիք կառավարություն»:
Պատասխանելով հարցին, թե ՕԵԿ-ի կոալիցիայից դուրս գալու պատճառն արդյոք երկու ուժերի միջև առկա ներքին խմորումներն էին, և ՕԵԿ-ը կքննադատի՞ ՀՀ նախագահին, Ա.Աշոտյանը նշեց, որ ինքը չի կարող ասել, թե ինչպես կվարվի ՕԵԿ-ը, ամեն դեպքում երկրում առկա խնդիրներն այսօր ավելի բարձրաձայն են հնչում իշխանության շուրթերից:
«Անգամ առանց ՕԵԿ-ի կոալիցիայից դուրս գալու, մենք ենք առաջինը մատնանշում առկա խնդիրները, քանի որ մենք գիտենք այդ խնդիրները և դրանց լուծման ճանապարհները, բոլոր դեպքերում կոնստրուկտիվ ընդդիմությունը երկրի քաղաքական կայունության և զարգացման կարևորագույն երաշխիքն է: Ուստի այստեղ մենք չենք կարծում, որ խրամատի այն կողմ ինչ-որ հակադիր ուժեր ունենք: Անգամ ՕԵԿ-ի դուրս գալու դեպքում կարծում եմ` խրամատներ չկան, կան կոնկրետ հարցեր, որոնց շուրջ կարող են լինել տարաբնույթ հարցեր, քննարկումներ և դրանց արդյունքում իշխանությունը լսելով տարբեր հարցեր, կարող է լուծումներ տալ»,- ասաց Ա.Աշոտյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում շատ են աշխատում, քիչ վճարվում. Աշխատանքի օրը՝ աշխատավորների խնդիրների մասին