Եվրամիությունը ևս 4 ամսով երկարացնում է Իրանի նկատամամբ սահմանված պատժամիջոցների կասեցումը
«Եվրամիությունը ևս 4 ամսով երկարացնում է Իրանի նկատամամբ սահմանված պատժամիջոցների կասեցումը»,-այդ մասին հաղորդում է իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալությունը:
Տեղեկատվության մեջ նշվում է, որ Վիեննայում տեղի ունեցած հանդիպման ավարտին, երբ Իրանն ու «5+1 խումբը» որոշեցին, որ բանակցությունները երկարացվում են մինչև ս.թ. նոյեմբերի 24-ը, Եվրամիությունը հանդես եկավ հայտարարությամբ՝ համաձայն որի՝ ևս 4 ամսով երկարացվում է Իրանի նկատամամբ սահմանված պատժամիջոցների կասեցումը:
Պատժամիջոցների կասեցումը վերաբերում է հում նավթի արտահանմանը, տրանսպորտային ապահովագրությանը, պետրոքիմիական արտադրանքի վաճառքին և տնտեսության այլ բնագավառներին:
Վիեննայում ԻԻՀ ԱԳ փոխնախարար Սեյյեդ Աբբաս Արաղչին հայտարարել էր, որ առաջիկա 4 ամիսների ընթացքում 6 մասնաբաժնով Իրանի հաշվին պետք է փոխանցվի 2 միլիարդ 800 միլիոն դոլլար սառեցված գումար:
Նկատենք, որ ս.թ. հունվարի 20-ին ժնևյան համաձայնագրի՝ ուժի մեջ մտնելուց հետո ԱՄՆ-ն և ԵՄ-ն Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցների մի մասը կասեցնելու մասին որոշում ընդունեցին, որից հետո Իրանն էլ դադարեցրեց ուրանի 20 տոկոս հարստացման աշխատանքները:
Իսկ այսօր ԻԻՀ Մեջլիսի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերով հանձնաժողովի նախագահ Ալաէդդին Բորուջերդին, անդրադառնալով միջուկային ծրագրի շուրջ օրերս Վիեննայում տեղի ունեցած բանակցությունների արդյունքին, հայտարարել է, որ համաձայնության չհասնելու դեպքում Իրանը կվերսկսի ուրանի 20 տոկոս հարստացման աշխատանքները:
Թեմայի առնչությամբ վերլուծություն՝
Ինչու՞ Իրանի և «5+1 խմբի» միջև չստորագրվեց երկար սպասված համապարփակ համաձայնագիրը