Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների մասին. «Մոտենում է «պլան Բ»-ի ժամանակը»
ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել է, որ Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցները կարող են ուժի մեջ մտնել շատ մոտ ժամանակներս, քանի որ Ուկրաինայի արևելքում խաղաղության հաստատման նպատակով Մինսկում ձեռք բերված համաձայնության պայմանները, ըստ ամենայնի, չեն կատարվում: Այս մասին հաղորդում է BBC-ն:
ԱՄՆ-ի ներկայացուցիչների պալատի արտաքին կապերի հանձնաժողովում ունեցած ելույթի ժամանակ Քերին հայտարարել է, որ ոչ Ռուսաստանը, ոչ էլ նրա կողմից սատարվող ուժերը մեկ քայլ անգամ չեն մոտեցել այն պարտավորությունների կատարմանը, որ ստանձնել են Մինսկում ձեռք բերված համաձայնության շրջանակներում:
Քերին նշել է, որ «պլան Բ»-ն նախատեսում է առավել կոշտ պատժամիջոցների կիրառում Ռուսաստանի նկատմամբ և հավելյալ օգնություն Ուկրաինային`հավելելով, որ որոշումը կընդունվի այն բանից հետո, երբ նախագահ Բարաք Օբաման կխորհրդակցի Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ:
Իր հերթին ՌԴ-ի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, ի պատասխան ամերիկյան կողմի սպառնալիքներին, նշել է, որ Ռուսաստանի դեմ նոր սանկցիաների կիրառման պատճառն այն է, որ Արևմուտքը չի ցանկանում կատարել Մինսկի պայմանավորվածությունները:
«Ես կարծում եմ, որ ամեն ինչ կարելի է հեշտությամբ բացատրել. Փորձում են բորբոքել հիստերիկ տրամադրություններ, շեղել ուշադրությունը մինսկյան պայմանավորվածությունները կատարելու գործընթացից, և այս ամենի տակ թաքնված է ԱՄՆ-ի և ԵՄ-ի համապատասխան կառույցների ներկայացուցիչների ցանկության բացակայությունը` հասնելու նրան, ինչը նախատեսում է փետրվարի 12-ի Մինսկյան համաձայնությունը: Առաջ են քաշվում ծիծաղելի պահանջներ, որոնք լիովին համընկնում են կիևյան իշխանությունների տեսակետին, իսկ նրանք, ինչպես գիտեք, հայտարարել են, որ կսկսեն հետ քաշել ծանր զինտեխնիկան, եթե օրերի ընթաքում կպահպանվի հրադադար`առանց գեթ մեկ կրակոցի»,-նշել է Լավրովը:
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց