Մադագասկարի մայրաքաղաքին պատուհասած ջրհեղեղի հետևանքով զոհվել է 14 մարդ
Մադագասկարի մայրաքաղաք Անտանանարիվուն պատուհասած ջրհեղեղի հետևանքով առնվազն 14 մարդ է զոհվել: Այս մասին հաղորդում է «Ռիա Նովոստի» լրատվական գործակալությունը:
Աղբյուրի փոխանցմամբ` մայրաքաղաքի միջով հոսող Իկոպա, Սիսաոնի և Մամբա գետերը հորդառատ անձրևներից հետո ճեղքել են պատնեշները և հեղեղել քաղաքի ցածրադիր շրջանները: Տարերքի հետևանքով քանդվել է առնվազն 50 տուն, խաթարվել է քաղաքի էլեկտրամատակարարումը:
Տեղի փրկարար մարմինների հաղորդմամբ, ջրհեղեղի հետևանքով զոհվել է 14 մարդ, 24 հազար մարդ զրկվել էկացարանից:
Քաղաքային իշխանությունները տուժածներին ապաստան տալու խնդրանքով դիմել են բոլոր հասարակական հաստատություններին:
Նշենք, որ սա առաջին աղետը չէ այս տարվա ընթացքում: Հունվարին կղզին պատուհասած արևադարձային փոթորիկի հետևանքով զոհվել էր 46 մարդ, 120 հազարը մնացել էր առանց կացարանի: