BBC. Մոսուլի բնակիչները պատմում են Իսլամական Պետության մասին
Բրիտանական «BBC»-ն բացառիկ հարցազրույցներ է անցկացրել Մոսուլի` իսլամիստներից հրաշքով ազատված մի շարք բնակիչների հետ, ովքեր պատմել են, թե ինչպես պատահեց, որ մեծությամբ Իրաքի 2-րդ քաղաքը հայտնվեց Իսլամական Պետության գրոհայինների տիրապետության տակ:
Մոսուլի նախկին բնակիչ, ավիացիայի ինժեներ կապիտան Սեբան «BBC»-ին պատմել է, որ վերջին տասնամյակի հակամարտության կնիքը Մոսուլի վրա հանգեցրեց կառավարման լուրջ ճգնաժամի: Կոռուպցիան և լիազորությունների չարաշահումները իրաքյան բանակի և ոստիկանության կողմից մարդկանց անզոր ու պայքարի անընդունակ դարձրին Իսլամական Պետության զինյալների դեմ, ովքեր անցած տարի գրավեցին քաղաքը:
«2014թ-ի հունիսին Իրաքի բանակը լքեց Մոսուլում իր դիրքերը` բնակչությանը թողնելով բախտի քմահաճույքին: Դիմադրության չհանդիպելով` ԻՊ-ի զինյալները գրավեցին քաղաքի ռազմաբազաներն ու տիրացան դասալիք բանակի թողած զինամթերքին: Արդյունքում հազարավոր մարդիկ ստիպված եղան գլխակորույս փախչել քաղաքից»,-պատմել է Մոսուլի նախկին բնակիչ 21-ամյա Յասինը:
Կապի ինժեներ Ֆերասը պատմել է, որ ԻՊ-ի զինյալները քաղաքը գրավելուց անմիջապես հետո ռմբակոծել են կապի կայաններն ու հեռարձակման աշտարակները: Զինյալները մենաշնորհ են հաստատել քաղաքի հեռուստատեսության վրա` արգելելով սովորական քաղաքացիների մուտքը այնտեղ:
Ֆերասը նկարագրում է, թե ինչպես Մոսուլը գնալով ավելի մեկուսացավ արտաքին աշխարհից, իսկ հեռարձակման ռեսուրսը օգտագործվեց Իսլամական Պետության կողմից վախի մթնոլորտ ձևավորելու համար:
Քրիստոնեա Աբու Նուռի տունն ու ունեցվածքը հափշտակվել է իսլամիստ գրոհայինների կողմից, և նա ներկայումս ապաստանել է համեմատաբար առավել անվտանգ Քրդստանում` փախստականների համար ճամբարում: Նա պատմել է , որ բազմազգ Մոսուլում իսլամիստները հարկ են սահմանել փոքրամասնությունների վրա` հակառակ դեպքում սպառնալով սպանել այլադավան բոլոր մարդկանց: Ըստ Աբու Նուռի` դավանաբանական վերահսկողությունն ու ճնշումները ԻՊ-ի հաջողության գրավականն են:
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան