Ադրբեջանական կողմից չեն դադարում բանակցային գործընթացի շուրջ շահարկումները. Նալբանդյան
Այսօր Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ԵԱՀԿ գործող գերմանական նախագահության` Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ դեսպան Գյունտեր Բեխլերին մանրամասն ներկայացրել է Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված իրավիճակը, մինչ օրս վերջինիս կողմից շարունակվող հրադադարի ռեժիմի խախտումները: Այս մասին հայտնում են ԱԳՆ մամուլի ծառայությունից:
Նախարար Նալբանդյանն ընդգծել է. «Ադրբեջանական կողմից չեն դադարում բանակցային գործընթացի շուրջ շահարկումները։ Մինչդեռ համանախագահ երկրների առաջարկները հայտնի են և հստակ ձևակերպված, այդ թվում՝ եռանախագահ երկրների ղեկավարների հինգ հայտնի հայտարարություններում, որոնց անկյունաքարն է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրականացումը։ Հայաստանը բազմիցս հայտարարել է, որ պատրաստ է շարունակել բանակցությունները դրանց հիման վրա»։
Դեսպան Բեխլերը նշել է, որ ԵԱՀԿ գերմանական նախագահությունը խիստ մտահոգված է Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի միջև շփման գծում իրավիճակի սրմամբ, և ցավակցություն է հայտնել ռազմական գործողությունների հետևանքով զոհերի կապակցությամբ։
Հանդիպմանը մտքեր են փոխանակվել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում բանակցային գործընթացի շարունակման հեռանկարների շուրջ։ Էդվարդ Նալբանդյանը ներկայացրել է ղարաբաղյան հիմնախնդրի հանգուցալուծման վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումը։
Զրուցակիցները շեշտել են հատկապես ստեղծված պայմաններում հիմնահարցի բացառապես խաղաղ հանգուցալուծմանն ուղղված՝ եռանախագահ երկրների ջանքերին անվերապահ աջակցության կարևորությունը։
Լրահոս
Տեսանյութեր
Բագրատ Սրբազան. ՔՊ անդամներ արդեն իսկ ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ մեզ