Տարակուսելի ոչինչ չկա, որ Լոնդոնի քաղաքապետ է ընտրվել պակիստանյան ծագումով մահմեդականը. Իրանագետ
Իրանագետ Վարդան Ոսկանյանի համար տարակուսելի չէ, որ Լոնդոնի քաղաքապետ է ընտրվել մահմեդական Սադիկ Խանը՝ Լեյբորիստական կուսակցությունից:
«Հայերս ավանդաբար նայում ենք Եվրոպային որպես քրիստոնեական միավորի, այնինչ այդ աշխարհամասը կառավարող քաղաքական վերնախավերը վաղուց արդեն դադարել են այդպիսին լինելուց: Հետևաբար տարակուսելի ոչինչ չկա, որ Լոնդոնի քաղաքապետ է ընտրվել պակիստանյան ծագումով մահմեդականը:
Ի դեպ, ըստ իս, մեզ անհրաժեշտ է հնարավորին արագ ազատվել այդ «զարմանքից» և հասկանալ, որ եթե Եվրոպան լիներ նույնիսկ խաչակրաց մոլեռանդ կայսրություն, միևնույն է՝ Հայաստանը շատ հեռու է այդ մայրցամաքից, իսկ, դիցուք, մեր անմիջական հարևան մահմեդական Իրանը շատ ավելի նպաստավոր և դրական դերակատարություն ունի հայաստանյան պետության ու ժողովրդի համար, քան թշանամական երկրում սեփական կորպորացիաների նավթային նկրտումների գերի Մեծ Բրիտանիան:
Այս առումով պետք է մեկընդմիշտ արձանագրել, որ աշխարհաքաղաքական շահերի առումով մոլորակը վաղուց արդեն չի տրոհվում քրիստոնեական և մահմեդական հատվածների, իսկ մենք, լինելով ամենահին քրիստոնյա պետությունը, շատ դեպքերում հենց մահմեդադավան երկրների թվում է, որ ունենք մերձավոր բարեկամներ և գործընկերներ», -ի ֆեյսբուքյան էջում գրառել է իրանագետը:
Ավելի վաղ Panorama.am-ը տեղեկացրել էր, որ Լոնդոնի նոր քաղաքապետ է ընտրվել մահմեդական Սադիկ Խանը: Նա խոստացել է անել ամեն ինչ, որպեսզի լավ քաղաքապետ լինի բրիտանական մայրաքաղաքի բոլոր բնակիչների համար՝ անկախ նրանց ծագումից:
«Խոստանում եմ միշտ լինել քաղաքապետ բոլոր լոնդոնցիների համար, աշխատել իմ լիարժեք ուժերով՝ բարելավելու Լոնդոնի յուրաքանչյուր բնակչի կյանքը՝ անկախ նրանց ծագումից»
Սադիկ Խանը 45 տարեկան է, ամուսնացած է ունի երկու դուստր, Լեյբորիստական կուսակցության անդամ է, 2005 թվականից խորհրդարանի անդամ է: Աշխատել է փաստաբան՝ պաշտպանելով մարդկանց իրավունքները:
Ի դեպ, Սադիկ Խանը առաջին մահմեդականն է, որը դարձել է ԵՄ անդամ պետության մայրաքաղաքի քաղաքապետը:
Հարակից հրապարակումներ`
- Լոնդոնի նոր քաղաքապետը խոստացել է բոլորի համար լավը լինել
- Լոնդոնի քաղաքապետի ընտրություններում հաղթել է մահմեդականը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում շատ են աշխատում, քիչ վճարվում. Աշխատանքի օրը՝ աշխատավորների խնդիրների մասին