ՀՀ և ԼՂՀ խորհրդարանականները քննարկել են ռազմա-քաղաքական իրադրությանը վերաբերող հարցեր
ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը բարձր է գնահատել Հայաստանի Հանրապետության խորհրդարանի դերակատարությունը Արցախի համար նոր փորձությունների օրերին և որակել այն որպես ճիշտ ու թիրախային ազդանշան՝ համահայկական համախմբվածության համար:
ԼՂՀ Ազգային ժողովի մամուլի ծառայության հաղորդմամբ, ԼՂՀ Ազգային ժողովում տեղի է ունեցել ՀՀ և ԼՂՀ խորհրդարանների արտաքին հարաբերությունների և պաշտպանության, ազգային անվտանգության ու ներքին գործերի (օրինապահպանության) մշտական հանձնաժողովների համատեղ դռնփակ նիստ «Ապրիլյան պատերազմի հետևանքով ստեղծված ռազմա-քաղաքական իրադրությունը և դրանից բխող գործողությունները» թեմայով:
Համատեղ նիստի մասնակիցներին ողջույնի խոսք են ուղղել նաև գլխադասային հանձնաժողովների նախագահներ Ժաննա Գալստյանը, Կորյուն Նահապետյանը, Արտակ Զաքարյանը և Արզիկ Մխիթարյանը՝ ընդգծելով նմանատիպ ձևաչափով հանդիպումների կարևորությունը: Նիստի ընթացքում բանախոսությամբ հանդես են եկել փորձագետներ: Տեղի է ունեցել մտքերի փոխանակում, որի ընթացքում փորձագետները պարզաբանումներ են տվել պատգամավորների հնչեցրած հարցերին:
Օրվա երկրորդ կեսին նիստը շարունակվել է ՀՀ և ԼՂՀ պատգամավորների ելույթներով: Խորհրդարանականները ներկայացրել են մի շարք առաջարկություններ՝ Արցախի և Հայաստանի համար արտաքին և պաշտպանական ու անվտանգային ոլորտների ռազմավարական մի շարք ուղղությունների վերաբերյալ:
Ամփոփելով նիստը՝ ԼՂՀ Ազգային ժողովի նախագահը գոհունակություն է հայտնել հանձնաժողովի աշխատանքների մասին, նշելով, որ քննարկումների արդյունքում ծավալուն և օգտակար տեղեկատվություն է հավաքագրվել, ինչը փորձագետների և քաղաքական գործիչների համար ճիշտ եզրահանգումների և լուրջ ուսումնասիրությունների նյութ կդառնա:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում շատ են աշխատում, քիչ վճարվում. Աշխատանքի օրը՝ աշխատավորների խնդիրների մասին