Գյուղապետեր. Սուրենավանում և Արմաշում կարկուտը վնասներ չի պատճառել
«Սուրենավան, Արմաշ ու մոտակա գյուղեր ձեր մեքենաները ապահով ծածկի տաք մտցրեք, կարկտի օջախ է մոտենում, արագ արագ արագ»: Նախօրեին այդ համայնքների բնակիչներին զգուշացրել էր ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերեւութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը:
Սուրենավանի համայնքապետ Կարո Կարապետյանը Panorama.am-ի հետ զրույցում հայտնեց, որ կարկուտ «թու, թու, փառք աստծո», չի եկել, վնասներ չկան:
Արմաշի գյուղապետ Հակոբ Զեյնալյանն էլ տեղեկացրեց, որ տարբեր ժամերի քիչ տևողությամբ գյուղի տարբեր հատվածներում կարկուտ եկել է, սակայն պատճառած վնասներ չկան:
«Ուժեղ չի եղել: Մեկ ժամվա ընթացքում տարբեր տեղեր է եկել, 5-5 րոպե տևողությամբ: Վնասներ ու տուժածներ չկան»,-ասաց նա:
ԱԻՆ-ից հայտնեցին, որ մայիսի 24-ին, ժամը 07.21-ից մինչև ժամը 19.15-ը ընդամենը թվով 317 հակակարկտային կայանքներից ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 8 ամպ՝ առաջին կարգի և 20 ամպ՝ երկրորդ կարգի, կատարվել է 91931 կրակոց: Պաշտպանվող տարածքներում Արարատի մարզի՝ Արարատ, Արմաշ և Սուրենավան համայնքներում անձրևի հետ տեղացել է թույլ կարկուտ, վնասներ չպատճառելով: