Միջազգային վարկավորողները հաստատել են Հունաստանին օգնության փաթեթը
Եվրախմբի երկրների ֆինանսների նախարարներն ու Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչները համաձայնության են եկել Հունաստանին հետագա ֆինանսական աջակցություն ցուցաբերելու կապակցությամբ: Այս մասին «Deutsche Welle»-ի փոխանցմամբ պարզ է դարձել երեկ ուշ երեկոյան՝ նախարարների միջև մոտ 10 ժամ տևած բանակցություններից հետո:
Ըստ համաձայնագրի նախնական փաստաթղթի՝ Հունաստանը ստանալու է մոտ 10,3 մլրդ. եվրո ֆինանսավորում, որը տրամադրվելու է Եվրոպական կայունացնող մեխանիզմի ֆոնդից: Այդ կերպ Հունաստանը կխուսափի պետական սննկացման հեռանկարից: Սահմանված գումարը կփոխանցվի 2 փուլով:
Նոր վարկը կապված է տնտեսական միջոցառումների և բարեփոխումների հետ:
Վերջերս Հունաստանի կառավարությունը խորհրդարանում անցկացրեց թոշակները կրճատող և հարկերը բարձրացնող օրինագիծ, ինչը թույլ կտա տնտեսել 5,4 մլրդ եվրո:
Եվրախմբի ղեկավար Յերուն Դեյսելբլումը դրական է գնահատել Հունաստանի ղեկավարության գործադրած միջոցները, որոնք այդ երկրի ներսում համընդհանուր բողոքի ցույցերի պատճառ են դարձել: