Քաղցրաշենցի խաղողագործների մի մասի պարտքը վճարել են
Նախորդ շաբաթ՝ չորեքշաբթի և ուրբաթ օրերին, «Վինար» ընկերությունը վճարել է Քաղցրաշենի գյուղացիների պարտքը: Սակայն, ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը, վճարումներն ամբողջությամբ չեն ավարտվել, գործարարանի սեփականատերը պարտավորվել է մի մասը վճարել այս շաբաթվա վերջում:
«Գործարանի տերը գյուղացիների հետ կպայմանավորվի և մյուս մասն էլ արդեն կվճարի՝ ըստ այդ պայմանավորվածության»,- ասաց Ռոբերտ Մակարյանը:
Հիշեցնենք, որ Արարատի մարզի Արտաշատի տարածաշրջանի մի շարք համայնքների խաղողագործներ մայիսի 26-ին բողոքի ակցիա էին կազմակերպել կառավարության շենքի առջև:
Նրանք արդեն տևական ժամանակ է «Վինար» ընկերությունից պահանջում են նախորդ տարվա մթերած խաղողի գումարները: Օրեր առաջ գյուղացիները ստիպված ծայրահեղ քայլի էին գնացել. երեխաներին չէին թույլատրել հաճախել դպրոց՝ այդ կերպ արտահայտելով իրենց դժգոհությունը իրադարձությունների ընթացքից:
Ինչ վերաբերում է այլ համայնքներին, փոխնախարարը հայտնեց, որ վերամշակող ընկերությունները խաղողագործների հետ կազմել են խաղողի մթերման գրաֆիկ և ընթացքում վճարում են:
Ռոբերտ Մակարյանը հայտնեց նաև, որ 2015 թ-ին հանրապետությունում մթերվել է 31,5 մլրդ դրամի խաղող, ներկայումս խաղողագործներին վճարվելիք պարտքը կազմում է 1,6 մլրդ դրամ:
Հարակից հրապարակումներ`
- Քաղցրաշենցիները կառավարության մոտ դարձյալ իրենց գումարներն են պահանջում
- Ութ ամիս առաջ մթերված խաղողի դիմաց խոստացել են վճարել վաղը
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց