Բացառիկ հունիս էր. Սուրենյան
«Սովորաբար եթե հունիսի 10-ից հետո մեր հանրապետությունում դիտվում էր եղանակակլիմայական պայմանների կայունացում, ապա այս հունիս ամսին խիստ անկայուն եղանակ էր, որը սովորաբար համահունչ է ապրիլ մայիս ամիսներին»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը՝ ընդգծելով, որ այս հունիսը բացառիկ էր մի քանի առումներով:
Նրա խոսքով՝ այն բացառիկ էր իր տեղումների օրերի թվով. «Ամսվա ընթացքում գրեթե բոլոր օրերին հանրապետության տարածքում դիտվել են առատ տեղումներ, տեղումների մեծ քանակությամբ հատկապես աչքի են ընկել Շիրակը, Լոռին, Տավուշը, Արագածոտնի լեռնային շրջանները և Գեղարքունիքը, որտեղ առանձին հատվածներում տեղումների ամսական քանակը կլիմայական նորման գերազանցել է կրկնակի: Միայն Տաշիրում հունիս ամսվա ընթացքում տեղացել է այնքան անձրև, որը կազմում է Երևանի ինը ամսվա տեղումների գումարը, մոտ 210 մմ անձրև է տեղացել, որը մայրաքաղաքում տեղում է սովորաբար ինը ամսվա ընթացքում, ինչը ահռելի քանակություն է»:
Հունիսի երկրորդ առանձնահատկությունն, ըստ Սուրենյանի այն էր, որ անձրևները գրեթե բոլոր օրերին հանրապետության առանձին հատվածներում ուղեկցվել են կարկուտով, չի եղել այնպիսի օր, որ հանրապետության հատկապես չպաշտպանվող տարածքներում կարկտահարություն չլինի:
Անդրադառնալով Արթիկի և Վարդենիսի շրջանի Կարճաղբյուրի վերջին դեպքերին՝ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալն ասաց. «Արթիկի հատվածում եղած սելաֆը բացառիկ էր վերջին 30-40 տարիների կտրվածքով, քանի որ Արագածի հարավ-արևմտյան լանջերին 40 րոպեների ընթացքում թափվել էր այդ տարածքին բնորոշ ամսվա քանակության չափ տեղում: Տեղացել էր նաև առատ կարկուտ, որը արագ հալվել էր և ջրի այդ հսկայական հոսքն իջել եր դեպի Արթիկ քաղաք՝ առաջացնելով ուժեղ սելաֆ: Գրեթե նույն երևույթն էր կատարվել Վարդենիսի Կարճաղբյուր գյուղում»:
Մասնագետը հավելեց, որ վերջին 10-15 տարիների ընթացքում մեր հանրապետության տարածքում նման ուժեղ տեղատարափային օջախներ չեն եղել, որոնք կառաջացնեին այսպիսի տարերային աղետներ:
Հարակից հրապարակումներ`
- Արթիկում խմելու ջրի նմուշառման գործընթացը
- Բնապահպաններ. Այն ինչ պատահեց Արթիկում, յուրաքանչյուր պահի կարող է կրկնվել այլ բնակավայրերում
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց