Այսօր սպասվում է հունիս ամսվա ամենաբարձր ջերմաստիճանը. Գագիկ Սուրենյան
Այսօր առանց տեղումների եղանակը դեռևս կպահպանվի, երեկոյան ժամերին միայն կարճատև ամպրոպային բնույթի տեղումներ կլինեն Շիրակի, Լոռու և Տավուշի մարզերում: Հանրապետության այլ վայրերում հիմնականում սպասվում է առանց տեղումների եղանակ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը:
«Այսօր մեր երկիրը գտնվում է Իրաքից ներթափանցող արևադարձային տաք օդային հոսանքների ազդեցության գոտում, ինչի արդյունքում սպասվում է հունիս ամսվա ամենաբարձր ջերմաստիճանը: Արարատյան դաշտում, Մեղրիի հատվածում և Երանում ցերեկը կգրնացվի մինչև 38 աստիճան տաքություն, որը նորմայից բարձր է 4-5 աստիճանով»,-նշեց Սուրենյանը:
Ինչ վերաբերում է առաջիկա հինգ օրերի եղանակին՝ մասնագետը տեղեկացրեց, որ սկսած վաղվանից կրկին մեր երկրի տարածք է տեղափոխվում ցիկլոնային դաշտ, որը կգործի մինչև հուլիսի 7-8-ը ներառյալ. «Այսինքն՝ առաջիկա յոթ, ութ օրերին գտնվելու ենք ցիկլոնի ազդեցության գոտում, բայց դա չի նշանակում, որ ողջ օրվա ընթացքում դիտվելու են անձրևներ, ամպամած եղանակ և այլն: Այդ ցիկլոնն ունի այնպիսի առանձնահատկություն, որն ակտիվանալու է հիմնականում երեկոյան ժամերին, այսինքն՝ օրվա առաջին կեսը, մինչև երեկո կլինի նորմալ, քիչ ամպամած, առանց տեղումների եղանակ, իսկ երեկոյան ժամերին մարզերի զգալի մասում սպասվում են ամպրոպային բնույթի անձրևներ, առանձին հատվածներում կարկուտ»:
Սուրենյանն առանձնացրեց Լոռին, Տավուշը, Շիրակը, Արագածոտնի լեռնային գոտիները, Կոտայքի լեռնային գոտիները և Գեղարքունիքը, որտեղ ցիկլոնի ազդեցությունը շատ ավելի սրված կարտահայտվի: Օրինակ Տավուշում, Լոռիում և Շիրակում տեղումները կսկսվեն ոչ թե երեկոյան ժամերին, այլ արդեն ցերեկը՝ ժամը երկուսից հետո:
«Մայրաքաղաքում սպասվող տեղումները կրելու են երանգային բնույթ, այսինքն՝ չի նշանակում, որ Երևանի ողջ տարածքում անձրև կտևա, քանի որ այս սեզոնին անձրևաբեր ամպերը ունենում են լոկալ զարգացում, հնարավոր է երևանի մի հատվածում հորդառատ անձրև, կարկուտ և ուժեղ քամի լինի, իսկ մյուս հատվածում ընդհանրապես տեղումներ չլինեն»,-ասաց ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալը:
Նա նաև ավելացրեց, որ հուլիսի 1-ից սկսած ջերմաստիճանը կնվազի՝ հինգ օրվա ընթացքում հասնելով մինչև 31 աստիճանի, իսկ հուլիսի 5-ից հետո ջերմաստիճանը կմնա գրեթե անփոփոխ, այս շոգերը աստիճանաբար կմեղմանան և օդի ջերմաստիճանը կմոտենա նորմային:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց