Մերկելն օգնության համար շնորհակալություն է հայտնել սիրիացուն
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն իր երախտագիտությունն է հայտնել սիրիացուն, որը վճռական դեր է խաղացել ահաբեկչության համար կասկածվող Ջաբեր ալ-Բաքրի ձերբակալության գործում: «Ռիա նովոստի»-ն գրում է, որ այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ուլրիկե Դեմերը:
«Կանցլերը չափազանց պատասխանատու աշխատանքի համար երախտագիտություն է հայտնել հատուկ ծառայություններին: Մեր երախտագիտությունը նաև սիրիացուն, որը հայտնել է ոստիկանությանը կասկածյալի գտնվելու վայրի մասին և դրանով վճռական դեր խաղացել նրա ձերբակալության գործում»,- ասել է Դեմերը:
Աղբյուրը մանրամասնում է, որ 22-ամյա ալ-Բաքրը շաբաթ օրը կարողացել էր փախուստի դիմել Քեմնից քաղաքից, որտեղ բնակարան էր վարձում: Նա կարողացել էր հասնել Լայպցիգ, որտեղ էլ կենտրոնական կայարանում դիմել է Սիրիայից եկած երկու մարդու՝ խնդրելով թույլ տալ իրեն գիշերել նրանց տանը: Տանը վերջիններս պարզել են, որ հյուրընկալել են ոստիկանության կողմից հետախուզվող անձի: Նրանք կապել են ալ-Բաքրին և ոստիկանություն կանչել:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ջաբեր ալ Բաքր կասկածվում էր Լայպցիգում ահաբեկչական հարձակում կազմակերպելու մեջ: