Հայաստանյան բանկերի շարքերում միավորումներ և կլանումներ դեռևս կլինեն
Հայաստանում գործող յուրաքանչյուր բանկ մինչև 2017թ-ի հունվարի 1-ը պետք է ունենա նվազագույնը 30 միլիարդ դրամ կապիտալ՝ գործող 5 միլիարդ դրամի փոխարեն: Այս է պահանջում Կենտրոնական բանկի կողմից 2014-ի դեկտեմբերի 30-ին կայացրած որոշումը, որն իր գործնական դրսևորոմն է ունենում Հայաստանում գործող արդեն երրորդ զույգ բանկերի վրա:
Ինչպես պարզ դարձավ նախօրեին` առաջիկայում տեղի կունենա «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի Խումբ» ՓԲԸ միացումը «Արդշինբանկ» ՓԲԸ-ին, ինչի արդյունքում Հայաստանում կձևավորվի ամենախոշոր բանկը՝ բանկային կապիտալի, ակտիվների և մասնաճյուղային ցանցի առումով: Միացումից հետո «Արդշինբանկ» ՓԲԸ-ի ընդհանուր կապիտալը կկազմի մոտ 74 միլիարդ ՀՀ դրամ, ակտիվները կհասնեն մոտ 540 միլիարդ ՀՀ դրամի:
Հատկանշական է, որ Ռուսաստանի մեծությամբ երրորդ բանկը Հայաստանում 9 տարի գործելուց հետո չկարողացավ դիրքավորվել ֆինանսական շուկայում և դուրս եկավ մրցակցությունից` վաճառելով իր դուստր բանկը: Սա վերջին երկու տարիներին ռուսական կապիտալի երկրորդ խոշեր արտահոսքն է Հայաստանից, ինչը, մեղմ ասած, այնքան էլ չի բխում Եվրասիական տնտեսական միության ծրագրերից և գաղափարներից: Փաստորեն` ԵՏՄ շրջանակներում ակնկալվող ռուսական կապիտալի ներհոսք ոչ միայն դեռևս տեղի չի ունենում, այլ տեղի է ունենում հակառակ գործընթացը` ռուսական կապիտալը լքում է Հայաստանը:
Մինչ այս բանկային կապիտալի խոշորացման նպատակով տեղի են ուեցել «ԲՏԱ Հայաստան» բանկը «Հայէկոնոմբանկին» միացնելու գործընթացը, ինչպես նաև` «Ինեկոբանկ»-ի կողմից «ՊրոԿրեդիտ Բանկ-Հայաստանը»-ի ձեռքբերումը:
Ներկայացված աղյուսակից երևում է, որ դեռևս գործող 20 առևտրային բանկերից 6-ն արդեն իսկ ապահովել են պահանջվող նվազագույն շեմը` 30 մլրդ դրամը: Համեմատաբար անվտանգ հատվածում են գտնվում նաև հաջորդ 10 բանկերը և, ամենայն հավանականությամբ, նրանց կհաջողվի մինչև տարեվերջ համալրել իրենց ընդհանուր կապիտալի ծավալները: Այստեղ պետք է նկատել, որ Հայէկոնոմբանկը իր ցուցանիշների մեջ դեռևս չի ներառել ԲՏԱ բանկի միջոցները:
Խնդրահարույց են երևում իրենց ընդհանուր կապիտալի ծավալով վերջին 4 տեղերը զբաղեցրած բանկերը, որոնք ևս կարող են կանգնել միավորման կամ կլանման խնդրի առջև: Այդ բանկերն են Անելիք բանկը, Արցախբանկը, Զարգացման հայկական բանկը և Համահայկական բանկը:
Գոռ Ծառուկյան, տնտեսագետ
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում շատ են աշխատում, քիչ վճարվում. Աշխատանքի օրը՝ աշխատավորների խնդիրների մասին