Յակուբ Բլաշչիկովսկի. «Հայաստանի ընտրանին լավ պաշտպանվելու առաջադրանք էր ստացել»
Լեհաստանի ֆուտբոլային ընտրանու կիսապաշտպան Յակուբ Բլաշչիկովսկին Հայաստանի հավաքականի հետ «ԱԱ-2018»-ի ընտրական փուլի խաղում 2։1 հաշվով տոնած հաղթանակից հետո հայտարարել է, որ իր թիմը չի կարողացել համբերատարություն դրսևորել։ Հիշեցնենք, որ վերջին վայրկյաններին նրա փոխանցումից հետո Ռոբերտ Լևանդովսկին գլխի հարվածով գրավել է մեր թիմի դարպասը։
«Հասկանում էի, որ դա հանդիպման վերջին գործողությունն է։ Այսօրվա խաղը շատ ծանր էր, և դա թաքցնելու բան չէ։ Կարևոր է, որ կարող ենք պոկել հաղթանակը, երբ գործերը նույնիսկ մեր ուզածի պես չեն դասավորվում։ Գիտենք մեր թերությունները և հարմարվում ենք, որովհետև ոչինչ չի փոխվի։ Անկախ ամեն ինչից, կատարեցինք մեր պլանը և վերջին 2 խաղում 6 միավոր վաստակեցինք։ Մենք առաջ ենք գնում, այժմ մեր ակտիվում 7 միավոր կա, և հաջորդ խաղերում կշարունակենք պայքարել ողջ ուժով։ Գիտենք, որ խաղն ավելի երկար է տևում, կախված այն բանից, թե մրցավարը որքան կավելացնի, և պետք է պայքարենք մինչև վերջ։ Հիմա շատ ուրախ ենք։ Այժմ մեզնից յուրաքանչյուրը կվերադառնա ակումբ՝ կատարելու իր աշխատանքը։ Կշարունակենք պայքարել։
Խաղից առաջ գիտեինք, որ Հայաստանի հավաքականը խաղալու է պաշտպանությունից։ Ինձ թվում է, որ այսօր մեզ չբավարարեց համբերատարությունը։ Հայաստանի ընտրանին լավ պաշտպանվելու առաջադրանք էր ստացել, և դժվար էր գրավել այդ թիմի դարպասը, բայց մրցակիցը, ի վերջո, անհաջողության մատնվեց,- Բլաշչիկովսկու խոսքերը մեջբերել է 90minut.pl-ը։
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց