Ռոբերտ Հովհաննիսյան. «Մտածում էի, որ նյարդերս տեղի կտան և ուժերս չի բավականացնի»
Երևանում ավարտված շախմատի «Երևան Օփեն» անդրանիկ մրցաշարի հաղթող Ռոբերտ Հովհաննիսյանը խոստովանում է, որ ստուգատեսի միջնամասում լարվածության պատճառով մտածում էր, թե նյարդերը տեղի կտան և չի կարողանա ավարտին հասցնել սկսած գործը: Այս մասին երիտասարդ չեմպիոնը, ով միջազգային գրոսմայստերի կոչում ունի, պատմեց լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ինչպես նաև համեստորեն խոստովանեց, որ մրցաշարի վերջին տուրում բախտն իրեն ժպտաց:
«Մրցաշարն ինձ համար հենց մեկնարկային տուրից սկսած բավական բարդ ընթացք ունեցավ: Առաջին տուրում խաղում էի գործակցով ինձ զիջող շախմատիստի հետ: Մեծ դժվարությամբ կարողացա հաղթել: Ընթացքում նույնիսկ պարտված դիրք ունեի: Բոլոր պարտիաները շատ երկար էին տևում և շատ լարված: Վերջում այնպիսի տպավորություն էր, որ ինչ-որ տեղ կարող են ուժերս չբավականացնեն, նյարդերս տեղի տան և չկարողանամ մինչև վերջ պայքարել: Բայց, ինչպես տեսնում եք, հաջողվեց: Սակայն մի փոքր էլ բախտն ինձ ժպտաց, քանի որ առաջին տեղի հավակնորդ ռուս գրոսմայստեր Պավել Սմիրնովը պարտվեց եզրափակիչ տուրում և ինձ հաջողվեց դառնալ չեմպիոն»,- խոստովանեց Ռոբերտը:
Վերջին տուրը, իհարկե, վճռորոշ էր, քանզի մրցաշարի առաջատար Սմիրնովը կարող էր միավոր կորցնել, իսկ մեր երկու հայ գրոսմայստերները՝ Ռոբերտ Հովհաննիսյանն ու Տիգրան Պետրոսյանը, մրցում էին միմյանց հետ: Պարտիան շատ արագ ավարտվեց ոչ-ոքի հաշվով և մնում էր սպասել Սմիրնովին:
«Վերջին տուրն ունի իր առանձնահատկությունները: Իհարկե, պատրաստվում էի Տիգրան Պետրոսյանի հետ խաղին և, միաժամանակ, ուսումնասիրում էի, թե ով ինչպիսի լրացուցիչ ցուցանիշներ ունի: Ըստ դրա փորձում էի ինչ-որ տեղ կառուցել խաղը: Օրինակ՝ ես գիտեի, որ եթե ինձ հաջողվի միավորներով հավասարվել Սմիրնովին, ապա լրացուցիչ ցուցանիշները գրեթե հավասար կլինեին և ամեն ինչ-կարող էր փոխվել: Սմիրնովը խաղում էր Նաբատիի հետ, շանսեր կային, որ նա միավոր կկորցնի և Տիգրանի հետ դիմակայությունում չէի ցանկանում միանգամից սրել խաղը և ամեն գնով հասնել հաղթանակի: Այդպես էլ եղավ: Խաղն անցավ հավասար պայքարում և բավական արագ ոչ-ոքի հաշվով ավարտվեց: Հետո բախտն ինձ ժպտաց, Սմիրնովը պարտվեց և ես դարձա չեմպիոն»,- ասաց Հովհաննիսյանը:
Խոսելով առաջիկա ծրագրերի մասին՝ նորընծա չեմպիոնը տեղեկացրեց, որ դեկտեմբերին պլանավորում է մասնակցել Լոնդոնի բաց մրցաշարին, իսկ հաջորդ տարվա հունվարին կմասնակցի շախմատի Հայաստանի առաջնությանը:
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց