Հուլիսյան դեպքերի բերման ենթարկելու ինստիտուտը ցույց տվեց, որ դրա գործադրումը ՀՀ-ում արդյունավետ չէ. Ա.Թաթոյան
«Հուլիսյան դեպքերի ժամանակ ականատես եղանք մի նոր երևույթի, երբ բերման ենթարկել հասկացության ներքո մարդկանց փողոցից պարզապես առևանգում էին, տանում ոստիկանություն: Տարել են նաև զորամաս, ինչը չլսված, աննախադեպ երևույթ է, որտեղ նաև մարդկանց նվաստացրել են, կտտանքների ենթարկել: Որևէ բացատրություն տվե՞լ է ոստիկանությունն իր այդ վարվելակերպի վերաբերյալ»,- Ազգային ժողովում 2017 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը նման հարցով դիմեց Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին:
Նա նշեց, որ բերման ենթարկվածների հետ կապված ստացել են մի քանի հարյուր բողոք, եղել են դեպքեր, որ առանց բավարար հիմքերի, առանց պարզաբանելու մարդկանց բերման էին ենթարկել:
«Իմ դիրքորոշումը միանշանակ է՝ բերման ենթարկելն ազատությունից զրկելն է: Կարծում եմ՝ այդ օրերին բերման ենթարկելու ինստիտուտը ցույց տվեց, որ դրա գործադրումը Հայաստանում արդյունավետ չէ: Եթե վերլուծում ենք, տեսնում ենք ազատության զրկման սկզբնական փուլում իրավունքների խախտումներն ավելի շատ էին, քան հետագայում: Այդ ինստիտուտի գործադրման մեխանիզմների հետ կապված ունենք բացթողում»,- ասաց Ա. Թաթոյանը:
Նրա խոսքով՝ այս դեպքում պետությունը կրկնակի բեռի տակ է ընկնում. «Պետք է ցույց տրվի՝ թե արդյոք կար այդ վայր բերման ենթարկելու դեպքում վարույթ իրականացնելու նպատակ, որովհետև բերման ենթարկելն ինքնանպատակ չի գործադրվում, եթե բերման է ենթարկվում, պետք է կապված լինի նրա նկատմամբ վարույթ իրականացնելու անհրաժեշտության հետ: Եթե ինքնանպատակ է, գործ ունենք խախտման հետ»:
Նա նշեց, որ իրենք ոստիկանությունից պահանջել են պարզաբանումներ, ստացել դրանք: Միաժամանակ հավելեց, որ կան կարգապահական պատասխանատվության ենթարկված, լիազորությունները դադարեցված ոստիկանության ծառայողներ:
Պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի հարցը նույնպես վերաբերում էր հուլիսյան դեպքերի ժամանակ մարդկանց անօրինական բերման ենթրակելուն, մասնավորապես զորամաս տարվածների նկատմամբ՝ «նվաստացման ռիտուալի»-ն, երբ ոստիկաններն ասել են՝ «իջեք, կոշիկներս համբուրեք»:
Ա. Թաթոյանն ասաց, որ հատուկ քննչական ծառայությունում քննվում է գործը, լրացուցիչ հարցում են ուղարկել՝ հասկանալու քրեական վարույթն ինչ ընթացք է ստացել:
ՄԻՊ-ն ասաց, որ պատրաստում են արտահերթ զեկույց, ըստ երևույթին մեկ ամսից կավարտեն, որտեղ սկզբունքային շատ հարցեր են լինելու. «Կլինեն բավականին խիստ գնահատականներ խախտումների հետ կապված: Կան հարցադրումներ, որոնք պետք է պարտադիր պարզվեն»:
Հարակից հրապարակումներ`
- Հուլիսյան դեպքերի ժամանակ լրագրողների աշխատանքը խոչընդոտելու դեպքերով նախաքննությունն ավարտված է
- Հուլիսյան դեպքերի վերաբերյալ պաշտպանը արտահերթ զեկույց կներկայացնի
- Հուլիսյան դեպքերի առնչությամբ կանցկացվի անաչառ հետաքննություն, կապահովվի արդար դատաքննություն. Նախարար
- Արսինե Խանջյանի փաստաբանները դիմելու են դատարան՝ բողոքարկելու ոստիկանության գործողությունները
- Ինչ անել, եթե ձեզ բերման չեն ենթարկում
- Հանրային պաշտպանի գրասենյակը՝ հուլիսյան դեպքերի գործերի վերաբերյալ
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյանն ընդամենը մի տհաճ խոչընդոտ է հայրենիք ունենալու ճանապարհին. Զոհված զինծառայողի մայր