Ջոկովիչը թենիս է խաղացել անվասայլակի վրա
Սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչն Ավստրալիայի Բաց առաջնության շրջանակներում բարեգործական երեկո է անցկացրել հօգուտ իր ֆոնդի, որն զբաղվում է նախադպրոցական կրթությամբ: Այս մասին տեղեկացնում է sports.ru-ն:
Միջոցառմանը մասնակցել են «Cirque du Soleil»-ի արտիստները, գերմանացի թենիսիստ Սաշա Զվերևը, «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 12-ակի չեմպիոն Ռոյ Էմերսոնն ու ավստրալացի մի շարք մարզիկներ:
Երեկոյի ընթացքում Ջոկովիչը կորտ է դուրս եկել անվասայլակի վրա և ռակետը խաչաձևել Պարալիմպիկ խաղերի կրկնակի չեմպիոն Դիլան Ալկոտտայի հետ, ով 2016 թ. արդյունքներով ճանաչվել է Ավստրալիայի լավագույն թենիսիստ: