Նյուրնբերգում Օրգանական սննդամթերքի ցուցահանդեսին հնարավոր է ներկայացվի հայկական արտադրանքը
«Օրգանական գյուղատնտեսությունը Հայաաստնում մեծ ներուժ ունեցող ուղղություն է և ընդգրկված է գյուղատնտեսության ռազմավարական ծրագրի մեջ»: Հայտարարել է գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը՝ ԵՄ կողմից ֆինանսավորվող և Ավստրիական զարգացման գործակալության (ԱԶԳ) կողմից համաֆինանսավորվող և իրականացվող «Օրգանական գյուղատնտեսության աջակցության նախաձեռնության» (ՕԳԱՆ) շրջանակում փոքր ֆերմերների և ֆերմերային խմբերի ծրագրերի ներկայացմանը:
ԳՆ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, մրցույթին ներկայացվել էր 130 ծրագիր, որոնցից արդյունքում հաստատվել էր 28 հայտադիմում:
«Ամբողջ աշխարհում ներկայումս առկա է օրգանական արտադրանքի մեծ պահանջարկ, և այս ոլորտի ճիշտ կազմակերպման, կայուն որակի և քանակի ապահովման դեպքում հնարավոր է ապահովել հայկական արտադրանքի մրցունակությունն արտասահմանյան շուկայում»,-նշել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը:
Միջոցառման ընթացքում քննարկվել է նաև Նյուրնբերգում կայանալիք Օրգանական սննդամթերքի ցուցահանդեսին հայկական արտադրանքը ներկայացնելու հնարավորությունը:
Ավստրիական զարգացման գործակալության ՕԳԱՆ ծրագրի ղեկավար Դեյվիդ Մուքենհուբերն իր ելույթում ընդգծել է, արդեն 8 տարի իրականացվող ծրագիրն ընթանում է բավական արդյունավետ. եթե 2014 թվականին առկա էին 17 հավաստագրված ընկերություններ, ապա այժմ դրանց քանակը կրկնապատկվել է: ՕԳԱՆ ծրագրի ղեկավարն ընդգծել է, որ իրենց ուշադրության կենտրոնում է լինելու հանրային իրազեկման աշխատանքների իրականացումը, քանի որ հանրության միայն 20 տոկոսն է տեղյակ օրգանիկ արտադրանքի և դրա առավելությունների վերաբերյալ: Այս տարվա ընթացքում հանրային իրազեկման տարբեր գործիքների կիրառման շնորհիվ նախատեսվում է շուրջ 15 տոկոսով բարձրացնել հայաստանյան սպառողների տեղեկացվածության մակարդակը:
Միջոցառման ընթացքում ծրագրի շահառուները համառոտ ներկայացրել են իրենց ծրագրերը, որոնք, մասնավորապես, վերաբերում են մեղրի, չրերի (այդ թվում` թզի և արքայանարինջի չրերի) արտադրությանը, լոբու, ելակի և այլ մշակաբույսերի աճեցմանը, պարարտանյութերի արտադրությանը, վայրի խոտաբույսերի հավաքին և այլն:
Նախաձեռնության շրջանակում փոքր ֆերմերներին և փոքրածավալ գյուղատնտեսական մթերք վերամշակողներին կտրամադրվեն գյուղատնտեսական ներդրանքներ, առաջնային անհրաժեշտության սարքավորումներ և գործիքներ, ինչպես նաև կտրամադրվի կարողությունների զարգացմանն ուղղված վերապատրաստման դասընթացների և խորհրդատվության հնարավորություններ: Յուրաքանչյուր ընտրված դիմորդին տրամադրվող գյուղատնտեսական ներդրանքների և հիմնական սարքավորումների դրամական արժեքը չի կարող գերազանցել 10,000 եվրոն:
Հարակից հրապարակումներ`
- Ազգային ավանդույթը դարձնելով բրենդ. օրգանական թեյ՝ գինու հայրենիքից
- ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը սկսում է «Օրգանական արտադրանքի հավաստագրման» երկրորդ անվճար ծրագիրը
- Փոքր ֆերմերները՝ օրգանական գյուղատնտեսության հիմնասյուն
- Հայտնի են Օրգանական գյուղատնտեսական արտադրանքի անվճար սերտիֆիկացման մրցույթի հաղթողները
- Փոխնախարար. Օրգանական գյուղատնտեսության զարգացման հիմնական խնդիրը իրազեկվածության ցածր մակարդակն է
- «Բիո», «Էկո», «Օրգանական» անվանումներով մթերքներ արտադրող ընկերությունները մոլորեցրել են սպառողներին. նրանք նախազգուշացվեցին
- Ն. Դարբինյան. Օրգանական մեղվապահությունը նոր հնարավորություն է Հայաստանի համար
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում շատ են աշխատում, քիչ վճարվում. Աշխատանքի օրը՝ աշխատավորների խնդիրների մասին