Քաղաքական լաչառներին պատմությունը և քաղաքականությունն իր տեղը կդնի, Շարմազանով
ՀՀԿ ԳՄ նիստից հետո ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ ներկայացնելով ՀՀԿ-ի գնահատականները, նշեց, որ ընդհանուր առմամբ, քարոզարշավի ընթացքում քաղաքական ուժերի դիրքորոշումները կոռեկտ են համարում, բայց եղան մեկ-երկու դժբախտ բացառություններ:
«Քաղաքականության մեջ քաղաքական մանկամտությունը չարիք է, երբ քաղաքական որոշ գործիչներ փորձում են սեփական զրոյական մակարդակը բարձրացնել՝ ուրիշների վրա ցեխ շպրտելով, պետք է շատ լավ հասկանան, որ ուրիշի վրա ցեխ շպրտելով քո վարկանիշը չի ավելանում»,- ասաց Էդուարդ Շարմազանովը:
Նրա խոսքերով՝ անթույլատրելի են քաղաքական մրցապայքարի մեջ անձնական վիրավորանքները, հատկապես հակառակորդ կուսակցության ներկայացուցիչներին անձնական վիրավորանքներ հասցնելը:
Էդուարդ Շարմազամովն անդրադարձավ քաղաքական գործիչներից մեկին, ում անունը թեև չտվեց, սակայն նշեց, որ այդ գործիչը շատ է խոսում գործընկերների, ՀՀԿ-ի վարկանիշի և շանսերի մասին:
«Այդ գործչի գործունեությունն ինձ գալիս է հիշեցնելու մի մարդու, որը վատ սովորություն ունի, նարկոման է, վերջին 2 տարիներին փորձոմ է նարկոմանիայից բուժվել, բայց վերջում էլի նստում է ասեղի վրա: Հիմա այդ գործիչը երկու տարվա մեջ, կամ նրա գործընկերները, բարեկամները, ինքը ամեն ինչ անում էին, որպեսզի քաղաքական լաչառությունից վերածվի քաղաքական լուրջ գործչի, բայց նրա նյարդերը չդիմացան քարոզչության ժամանակ, և նա էլի քաղաքական լուրջ ճանապարհից շեղվեց իր բուն հունը և սկսեց զբաղվել քաղաքական լաչառությամբ»,- նշեց ՀՀԿ խոսնակը:
Նրա խոսքերով՝ «քաղաքական լաչառներին պատմությունը և քաղաքականությունն իր տեղը կդնի»: «Բայց ես բոլորիս կոչ եմ անում քաղաքակիրթ, նորմալ ընտրության, ես կոչ եմ անում ընտրել այն ուժին, որին վստահում են, ընտրել այն ուժին, որ կարող է իր մատից փուշ հանել, որը գիտակցում է իր թերությունները, սխալները, բայց նաև ունի խիզախություն, գիտակցելով սխալները, թեքվել դեպի ճիշտ ճանապարհ և ժողովրդի հետ գնալ դեպի անվտանգություն և առաջընթաց»,-եզրափակելով խոսքն ասաց Էդուարդ Շարմազանովը:
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց