Հանրային խորհուրդը Պաշտպանության նախարարի հետ քննարկել է «Ես եմ» և «Պատիվ ունեմ» ծրագրերը
Ազգ-բանակ հայեցակարգի և դրա շրջանակներում նախատեսվող «Ես եմ» և «Պատիվ ունեմ» ծրագրերի իրականացման անհրաժեշտությունը պայմանավորված է առկա իրողություններով, -այս մասին նշել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը՝ նախօրեին Հանրային խորհրդի հետ ծրագրերի քննարկման ժամանակ։
«Բարձրագույն կրթություն ստացած քաղաքացին կարողանում է ավելի բարձր մակարդակում իր ծառայությունը բերել հայրենիքին՝ միաժամանակ լինելով սպայական կարգավիճակում: Ծրագրի կարևոր արդյունքներից է լուրջ սպայական պահեստազորի ձևավորումը: Իսկ մեծաքանակ շարքային պահեստազոր ունեցող բանակին անհրաժեշտ են հմուտ և առաջնագծում ծառայություն անցած պահեստազորի սպաներ»,- ՀԽ մամուլի ծառայության փոխանցմամբ, խոսելով «Պատիվ ունեմ» ծրագրի մասին, շեշտել է նախարարը:
Ներկայացնելով «Ես եմ» ծրագիրը, Վիգեն Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ ծառայության ավարտին զինծառայողի անձնական հաշվին փոխանցվող գումարի երեք նպատակային կիրառումն էլ երիտասարդներին երկրի հետ կապող երաշխիքներ է ստեղծում, քանի որ ապագան Հայաստանում կառուցելու հնարավորություն է տալիս:
Պաշտպանության նախարարը նաև հայտնել է, որ «Պատիվ ունեմ» ծրագիրը կարգավորվելու է ՀՀ կառավարության որոշմամբ, իսկ «Ես եմ»-ը օրենսդրական փոփոխություն է ենթադրում` հավելելով, որ առհասարակ, ոլորտի օրենսդրությունը վերանայելու անհրաժեշտություն կա, որի ուղղությամբ քայլեր են ձեռնարկվում:
ՀԽ անդամները հետաքրքրվել են, թե արդյոք ծրագրերը քննարկվե՞լ են բուհերում, ուսանողների ու երիտասարդության շրջանում և արդյոք սոցիոլոգիական հարցումներ անցկացվե՞լ են պարզելու թիրախային խմբի վերաբերմունքն ու տրամադրվածությունը ծրագրերի նկատմամբ: Նախարարը հայտնել է, որ որոշակի քննարկումներ ու հետազոտություններ անցկացվել են, սակայն դրանք շարունակական են լինելու, և առհասարակ ծրագրերի նպատակահարմարությունը դառնալու է հանրային լայն քննարկման առարկա:
ՀԽ-ը կարևորել է այն հանգամանքը, որ ծրագրերում պարտադիր բաղադրիչը բացակայում է, և գործելու է կամավորության սկզբունքը: Նախարարն էլ հավելել է, որ այս ծրագրերով զինվորական ծառայության մեջ ներդրվում է այլընտրանքային համակարգ, ինչն ավելի արդյունավետ կդարձնի զինվորական ծառայությունն ու պաշտպանության ոլորտի խնդիրների իրականացումը:
Հարակից հրապարակումներ`
- Վիգեն Սարգսյանը՝ «Ես եմ», «Պատիվ ունեմ» ծրագրերի մասին
- Վիգեն Սարգսյանը հանրային քննարկման ներկայացրեց առաջնագծում զինծառայության «Ես եմ» ծրագիրը
- «Ազգ-բանակ» հայեցակարգի ներքո շրջանառության մեջ դրվեց երկու նոր նախագիծ՝ «Պատիվ ունեմ», «Ես եմ»