Ստամբուլում կհանդիպեն Ռուսաստանի և Թուրքիայի վարչապետները
Այսօր Ստամբուլում կայանալիք Սևծովյան տնտեսական համագործակցության ժողովի (ՍԾՏՀ) ժամանակ ծրագրվում է հանդիպում կազմակերպել Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմի և Ռուսաստանի Դաշնության (ՌԴ) վարչապետ Դմիտրի Մեդվեդևի միջև:
«Էրմենիհաբեր»-ի փոխանցմամբ, Մեդվեդևին Ստամբուլում կուղեկցեն Ռուսաստանի փոխվարչապետ Արկադի Դվորկովիչը և Էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը:
Յըլդըրըմը ապրիլի 27-ին հեռախոսազրույց էր ունեցել Մեդվեդևի հետ: Մի շարք այլ թուրքական լրատվամիջոցներ նշում են, որ երկու վարչապետների հանդիպման ժամանակ օրակարգային հարց է լինելու «Թուրքական հոսք» գազատարի խնդիրը:
1992 թ. հունիսի 25-ին Ստամբուլում հրավիրվել էր գագաթնաժողով, որի արդյունքում Սևծովյան տարածաշրջանի 11 երկրների (Հայաստան, Ալբանիա, Ադրբեջան, Բուլղարիա, Վրաստան, Հունաստան, Մոլդովա, Ռումինիա, Ռուսաստան, Թուրքիա, Ուկրաինա) ղեկավարները (պետությունների կամ կառավարությունների մակարդակով) հռչակագիր էին ստորագրել Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀ) հիմնադրման մասին: Սերբիան, որպես անդամ, կազմակերպությանը միացել է 2004 թ.:
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց