«Գազելը» պետք է օգտագործվի որպես բեռնատար, ոչ թե փոխադրամիջոց. Կարեն Չիլինգարյան
«ԱՊՀ երկրների մեջ հանրային տրանսպորտի ոլորտում ամենախայտառակ վիճակը մեզ մոտ է»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ նախագահ Կարեն Չիլինգարյանը։
Նրա խոսքով՝ վաղուց արդեն այդ երկրներում վերացել է «Գազել» հասկացությունը, իսկ մեզ մոտ այն շարունակում է մնալ որպես փոխադրամիջոց. ««Գազելը» անհեթեթություն է մեր երկրի համար, այն պետք է օգտագործվի որպես բեռնատար, ոչ թե փոխադրամիջոց»։
Անդրադառնալով Երևանի քաղաքապետարանին կից ստեղծված հանրային տրանսպորտի բարեփոխումների մասնագիտական աշխատաքային խմբին, որի անդամ է նաև Չիլինգարյանը, նշեց. «Աշխատանքային խումբն արդեն մեկ անգամ հանդիպում կազմակերպել է։ Խմբում ընդգրկված են տարբեր գերատեսչությունների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, նաև միջազգային փորձագետ։ Միջազգային փորձը հաշվի առնելով՝ հանդիպմանը քննարկվել է «Գազելները» մեծ և միջին ավտոբուսներով փոխարինելու, չվացուցակի վերանայման, միասնական վճարման քարտային և զեղչային համակարգի հետ կապված հարցեր»։
Հարցին, թե բարեփոխումներից հետո ո՞վ է կառավարելու ոլորտը՝ քաղաքապետարանը, թե մասնավորը, նա պատասխանեց. «Դրա մասին դեռ չի խոսվել, սակայն լինելու է մեկ կառավարող օպերատոր»։
Ինչ վերաբերում է հարցին, թե արդյոք թվարկվածը ազդեցություն կունենա գների վրա՝ «Սպառողների խորհրդատվության կենտրոն»-ի նախագահը հույս հայտնեց, որ թանկացում չի լինի, սակայն դեռ հստակ ոչինչ պարզ չէ. «Եթե թանկացում լինի, մարդկանց համար այլընտրանք է դառնալու տաքսին, քանի որ այդ դեպքում մարդիկ մի քանի հոգով կհավաքվեն, տաքսի կնստեն, 100 դրամ կվճարեն և կհասնեն համապատասխան վայրը»։
Կարեն Չիլինգարյանը հիշեցրեց, որ դեռևս 2012 թվականին իրենք գրություն էին ուղարկել քաղաքապետարան, որտեղ ներկայացրել էին տրանսպորտի խայտառակ վիճակը և առաջարկել, որ մեծ ավտոբուսներ ներմուծեն. «Պատասխան ստացանք, որ 2013 թվականից Հայաստան պետք է բերեն մեծ ավտոբուսների մասեր և տեղում հավաքեն, բայց արդեն 2017 թիվն է, ոչինչ չկա։ Հիմա էլ ասում են, որ 2018 թվականից ամեն ինչ կկարգավորվի»։
Հարակից հրապարակումներ`
- Գծատերեր չենք ունենա, կունենանք օպերատոր կամ օպերատորներ. Վահան Մարտիրոսյան
- Տարոն Մարգարյան. «Երևանցին ունենալու է ապահով տրանսպորտ»
- Նոր տրանսպորտային համակարգն ամբողջությամբ կներդրվի 2018 թվականին. Վահե Նիկոյան
- Երևանցիները դժգոհ են քաղաքային տրանսպորտից, վերելակներից և գործազրկությունից. քարոզարշավի հետքերով
- Մենք պետք է խելացի համակարգ ստեղծենք, մեր տրանսպորտի փրկությունը դա է. վարչապետ