Լուսինե Զաքարյանը համաշխարհային մեծություն էր՝ շատ համեստ իր կեցվածքով. Արամ Սաթյան
Երևանի Եզնիկ Կողբացու փողոցի 42 հասցեում՝ Լուսինե Զաքարյանի հուշատախտակի մոտ երգչուհու ծննդյան 80-րդ տարեդարձի առիթով կազմակերպվել էր հիշատակի ու մեծարման արարողություն:
Մշակույթի նախարարության հաղորդմամբ, նախարարության ժամանակակից արվեստի վարչության պետ Արմինե Ղազարյանը վստահեցրեկ, որ հոբելյանական միջոցառումները՝ նվիրված Լուսինե Զաքարյանի 80-ամյակին, դեռ առջևում են։
Միջոցառման ընթացքում Հայաստանի երաժշտական ընկերության նախագահ, Երևանի Կոմիտաս կոնսերվատորիայի պրոֆեսոր Դավիթ Ղազարյանը պատմել է, թե ինչպես սովետական այդ տարիներին, երբ մարդիկ միայն եկեղեցում կարող էին ունկնդրել հոգևոր երաժշտություն, Լուսինե Զաքարյանի հրաշալի ձայնի և անզգուգական կատարումների համար ամեն շաբաթ-կիրակի այցելում էին Էջմիածնի Մայր տաճար՝ լսելու նրան, մյուս կողմից. «Հոգևոր երաժշտությունը հանրությանը քիչ էր ծանոթ, Լուսինեն կարողանում էր այն փայլուն կերպով քարոզել»։
Դավիթ Ղազարյանը հիշեցրել է, որ երգչուհին նաև դասական երաժշտության կատարումների վարպետ էր, սիրում էր ներկայացնել հայ կոմպոզիտորների ռոմանսները։
«Նա սկզբում Սվետլանա էր, դարձավ Լուսինե, իր ներկայությամբ լուսավորեց մեր մշակույթը, արվեստը և մնաց անգերազանցելի բարձրության վրա»,- ասել է նա:
Հայաստանի կոպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը պատմել է, թե ինչպես տարիներ առաջ Քուվեյթի եկեղեցիներից մեկում չնախատեսված ելույթ ունեցավ երգչուհին, և կիսադատարկ եկեղեցին կամաց-կամաց լեփ-լեցուն դարձավ մարդկանցով:
«Այսինքն, նա ոչ միայն մերն է, այլև բոլորինը. ով որ լսում էր Լուսինեին, չէր մտածում, որ նա հայ կատարող է, նա համաշխարհային մեծություն էր՝ շատ համեստ իր կեցվածքով...Փա′ռք Լուսինեին»։
(Լուսանկարները՝ ՀՀ մշակույթի նախարարության ֆեյսբուքյան էջից)
Լ. Զաքարյանը ծնվել է 1937 թ. հենց այս օրը Ախալցխայում (Ջավախք): 1952թ.-ին իր ընտանիքի հետ տեղափոխվել է Երևան, որտեղ նա սկսել է երաժշտական դպրոց հաճախել։ 1957թ. ընդունվել է Երևանի պետական կոնսերվատորիա, և շուտով նրա տաղանդը արդեն բացահայտ էր։
Ռուսախոս երգչուհին իր ուսումնարանի առաջին ուսուցչին` Հրանտ Գևորգյանին, խնդրել է թույլ տալ իրեն երգել մայր տաճարի Երգչախմբում: Մաեստրոն խնդրանքը բավարարելու համար դիմել է Վազգեն Առաջին Կաթողիկոսին, բայց Վեհափառի պատասխանը բացասական է եղել:
Այնուամենայնիվ, Հրանտ Գևորգյանը Կոմիտասի «Տեր Ողորմեա»-ի բառերը ռուսերեն տառերով գրել է, որպեսզի Լուսինեն կարողանա այն սովորել: Լուսինեի առաջին ելույթը Մայր տաճարում մեծ անակնկալ է եղել Կաթողիկոսի համար: Հիացած նորահայտ երգչուհու տաղանդով՝ նա պատվիրել է անմիջապես գրանցել Լուսինեին երգչախմբում, որտեղ նա սպասավորել է իր ողջ կյանքի ընթացքում: Լուսինեն, նախ ուսուցչի, այնուհետև ամուսնու՝ Խ.Պալյանի ջանքերով սովորել է հայերեն և գրաբար, և նվիրվել հայ հոգևոր երաժշտությանը:
Նա կարողացել է անել այն, ինչ երկար տարիներ թվում էր անհնար: Խորհրդային իշխանության պայմաններում Լուսինեն կարողացել է եկեղեցու ներսում հնչող մեր ազգային երաժշտությունը դուրս բերել եկեղեցուց և դարձնել համաժողովրդական: Համերգներով եղել է արտերկրում, որտեղ փառքով ներկայացրել է Կոմիտասին, հայ ժողովրդական երգերը, տաղերը և շարականները: Պարբերաբար համերգներ է տվել հայազգի աշխարհահռչակ երգեհոնահար Պերճ Ժամկոչյանի հետ:
Լուսինեի համար է կոմպոզիտոր Ա.Բաբաջանյանը գրել իր «Վոկալիզը»: Նրան բանաստեղծություններ են ձոնել Ս.Կապուտիկյանը ,Վ.Դավթյանը,Պ.Սևակը , այլազգի բանաստեղծներ: Շնորհիվ հոգեթով ձայնի, Լուսինե Զաքարյանի ձայնագրությունները մտել են համաշխարհային երաժշտության ձայնադարան:
Լ. Զաքարյանը մահացել է 55 տարեկան հասակում՝ 1992թ դեկտեմբերի 30-ին: Վազգեն Առաջին վեհափառը, ընդառաջելով երգչուհու վերջին ցանկությանը, թույլատրեց, որ նրա դին հանգչի Սուրբ Գայանե եկեղեցու բակում:
Հարակից հրապարակումներ`
- Ախալցխայի մեծերի միացյալ թանգարանի համար դիտարկվում են Լուսինե Զաքարյանի, Վարդգես Սուրենյանցի տները
- Ոգեկոչման արարողություն` Լուսինե Զաքարյանի «դեռ փակ բնակարանի լուսամուտների տակ»
- «Լուսինե Զաքարյան» հիմնադրամը մշակույթի նախարարության առաջարկությունները անպատասխա՞ն է թողել
- Նախարարությունը` Լուսինե Զաքարյանի տունը փրկելու մասին. «Դա զուտ ընտանիքի խնդիրն է»
Լրահոս
Տեսանյութեր
Քաղտեխնոլոգ. Մոսկվայում Ալիևը հրաժարվեց վճարել խաղաղապահների՝ Արցախից դուրս գալու գինը