Օրենքի փոփոխություններով բազմաբնակարան շենքերի տարածքներից դուրս կբերվեն զվարճանքի օբյեկտները
Աշխատանքային խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանը աշխատակազմի առևտրի և սպասարկումների, ինչպես նաև իրավաբանական վարչություններին հանձնարարել է քննարկել զվարճանքի օբյեկտների գործունեության կանոնակարգմանն առընչվող օրենքի նախագիծը և համագործակցելով ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության հետ` ներկայացնել համապատասխան առաջարկներ ու ակտիվորեն մասնակցել օրենքի նախագծի մշակման աշխատանքներին: Այս մասին հայտնում ենԵրևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
«Միանշանակ է, որ բազմաբնակարան շենքերի տարածքներից պետք է դուրս բերվեն բոլոր հյուրատները, դիսկոտեկները, գիշերային ակումբներն ու զվարճանքի այլ օբյեկտները, որոնք անհանգստություն են պատճառում մեր համաքաղաքացիներին: Սա մեր հստակ դիրքորոշումն է և բոլոր աշխատանքներն ավարտելուց հետո այն կներկայացվի ԱԺ քննարկմանը: Տվյալ օբյեկտների տերերին կամ վարձակալներին, անշուշտ, կտանք նաև ողջամիտ ժամանակ, որ իրենց օբյեկտները բազմաբնակարան շենքերի տարածքներից տեղափոխեն այլ վայրեր», - ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանն անդրադարձել է նաև «Համատիրությունների մասին» ՀՀ օրենքում նախատեսված փոփոխությունների գործընթացին: Աշխատակազմի իրավաբանական և կոմունալ տնտեսության վարչություններին քաղաքապետը հանձնարարել է ստեղծել աշխատանքային խումբ՝ ներգրավելով նաև վարչական շրջանների ղեկավարներին, և համակողմանի ուսումնասիրել համատիրությունների գործունեությունն ու գույքագրել բոլոր այն բացերը, որոնցից դժգոհում են քաղաքացիները:
«Այս փոփոխությունը ենթադրում է հիմնականում կառավարման մոդելի փոփոխություն, ինչը մեր նախընտրական ծրագրով խոստացել էինք երևանցիներին: Ոչ մեկիս համար էլ գաղտնիք չէ, որ համատիրությունների գործունեությունից մեր համաքաղաքացիների դժգոհություններն իսկապես արդարացի են, և դրա համար անհրաժեշտ է, որ խորը ուսումնասիրենք մինչ այժմ եղած փորձն ու գույքագրենք այն բացերը, որոնցից դժգոհում են մեր համաքաղաքացիները: Օրենսդրական այս փոփոխությունների հետ կապված Երևանի դերակատարումն իսկապես մեծ է, քանի որ խոշոր համատիրությունները հիմնականում հենց Երևանում են ու նախ և առաջ հենց մեզ է ավելի տեսանելի այն խոցելի կետերը, որոնք առկա են այս համակարգում: Ըստ այդմ, ակտիվ համագործակցելով կառավարության համապատասխան հանձնաժողովի հետ, մենք պետք է առաջարկենք այնպիսի լուծումներ, որոնցով կսահմանվեն այն հիմնական սկզբունքները, որոնք կնպաստեն համատիրությունների առավել արդյունավետ ու թափանցիկ աշխատանքին և համատիրությունների կառավարման հարցում կապահովեն բնակիչների լիարժեք մասնակցությունը», - նշել է Տարոն Մարգարյանը:
Հարակից հրապարակումներ`
- Համատիրությունների խնդիրը մնում է
- Վարչապետը դժգոհեց համատիրությունների աշխատանքից
- Երևանի քաղաքապետ. Համատիրությունների մասով աշխատանքը համարում եմ խիստ անբավարար
- Համատիրությունը թանկացրել է վարձերը
- Աշխատանքում թերացած համատիրությունների ղեկավարները կենթարկվեն խիստ պատասխանատվության
- Հայկական աբսուրդ. Համատիրությունները հաշվեհամար չունեն
Լրահոս
Տեսանյութեր
Մի կողմում հայ ժողովուրդն է, մյուս կողմում թշնամին և մեր իշխանությունը միասին. Դավիթ Անանյան