Մեր առաջնահերթ խնդիրը զինվորի առողջության պահպանումն է. ռազմաբժշկական վարչության պետ
«Մեր առաջնահերթ խնդիրը զինվորի առողջության պահպանումն է»,- Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ Զինված ուժերի ռազմաբժշկական վարչության նորանշանակ պետ, փոխգնդապետ Գայանե Հովհաննիսյանը:
Փոխգնդապետ Հովհաննիսյանի խոսքերով՝ տրամադրված է մարտական, շատ գաղափարներ, մտահղացումներ ունի, որոնք փորձելու է կյանքի կոչել: Միաժամանակ նշում է, որ շարունակելու է նախկինում արդեն սկսված աշխատանքները:
Ինչ վերաբերում է դժվարություններին, վարչության պետն ասում է, որ դրանց մասին չի էլ մտածում. «Որևէ դժվարություն չկա, եթե տրամադրված ես աշխատելու, ապա ամեն ինչ ավելի դյուրին է հաղթահարվում»:
Գայանե Հովհաննիսյանը 1994 թ-ից աշխատել է ՊՆ Կենտրոնական Կայազորային հոսպիտալում, այդ ժամանակ էլ եղել է հոսպիտալում աշխատող առաջին կին բժիշկը, ղեկավարել է վերակենդանացման բաժանմունքը:
Ապրիլյան պատերազմի օրերին հոսպիտալի վերակենդանացման բաժանմունքի աշխատանքն ամենալարվածն էր, իսկ ընդհանրապես հոսպիտալի բժշկական ողջ անձնակազմը տուն չի գնացել, մոտ երկու շաբաթ գիշեր-ցերեկ նրանք առաջնագծում վիրավորված զինվորների կողքին են եղել։ Քառօրյա պատերազմի ժամանակ հոսպիտալ բերված վիրավոր զինվորների շրջանում մահ չի գրանցվել։
Այդ օրերին հոսպիտալի բոլոր զինվորներն ասում էին, «Գայանե Հովհաննիսյանն իրենց երկրորդ մայրն է», շատերը խոստովանում էին, որ նրա շնորհիվ են կարողացել շատ դժվարություններ հաղթահարել:
Լրագրողների հետ զրույցում էլ Գայանե Հովհաննիսյանն ասում էր, որ վիրավորները հոսպիտալում ստանում են ինչպես բարձրորակ բուժում, այնպես էլ սեր և հոգատարություն:
«Ապրիլյան դեպքերը կյանքում մոռանալ չի լինի, այդ ծանր օրերը մենք վերապրեցինք: Բոլոր վիրավորներին մեկ առ մեկ հիշում ենք, բոլոր դեպքերն էլ մեզ համար առանձնահատուկ էին: Վստահաբար կարող ենք ասել, որ բոլոր վիրավորներին առանձնահատուկ հոգատարության ու ուշադրության էինք արժանացնում, կարծես, մեր երեխաները լինեին»,- նշեց նա:
Ի դեպ, Զինված ուժերի պատմության մեջ առաջին անգամ է բարձրագույն պաշտոններից մեկում կին նշանակվել: ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը լրագրողների հետ զրույցում ասել էր, որ շատ հպարտ է այդ նշանակման համար: «Շատ հպարտ եմ, որ առաջին անգամ զինված ուժերի պատմության մեջ նշանակում եմ կատարել բարձրագույն պաշտոններից մեկում՝ ռազմաբժշկական վարչության պետ նշանակվել է կին: Եվ սա մեր ԶՈւ պատմության մեջ առաջին կինն է, որը զբաղեցնում է բարձրագույն սպայական պաշտոն: Վստահ եմ, որ նա մեծ հաջողություններ է գրանցելու ռազմաբժշկական ծառայության կայացման գործում»,- նշել էր նախարարը:
Հարակից հրապարակումներ`
- Վիգեն Սարգսյան. Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի» սաների մեծ մասը կընտրի սպայական մասնագիտություն
- Ռազմական բժիշկ. Ամեն ծանր դեպքից հետո, հարցը կրկնվում էր
Լրահոս
Տեսանյութեր
Քաղտեխնոլոգ. Մոսկվայում Ալիևը հրաժարվեց վճարել խաղաղապահների՝ Արցախից դուրս գալու գինը