Անդրիաս Ղուկասյանը միջնորդեց իր նկատմամբ կիրառել գրավ
Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ մեղադրվող «Նոր Հայաստան» շարժման ներկայացուցիչ Անդրիաս Ղուկասյանի դատավարությունը: Դատական նիստի սկզբում Անդրիաս Ղուկասյանը իր նկատմամբ գրավ կիրառելու մասին միջնորդություն ներկայացրեց:
«Ավելի քան 1 տարի երկու ամիս կալանքի տակ եմ: Նախաքննության ժամանակ բոլոր վկաները, տուժողները հարցաքննվել են: Գտնում եմ, որ գործի նյութերում բացակայում է որևէ փաստական տվյալ այն մասին, որ կարող եմ կատարել այնպիսի գործողություններ, որոնք նախատեսված են Քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասով և հանդիսանում են խափանման միջոց կիրառելու հիմք:
Քրեական գործով ձեռք բերված որևէ նյութ հիմք չի տալիս ողջամտորեն ենթադրել, որ ես կկատարեմ այդ գործողությունները, այնուհանդերձ գտնվում եմ կալանքի տակ»,- ասաց Ա. Ղուկասյանը:
Նա նշեց, որ Քրեական դատավարության օրենսգրքի 137-րդ, 138-րդ, 143 –րդ հոդվածների, Մարդու իրավունքերի եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի համաձայն գրավը կալանավորման այլընտրանքային խափանման միջոց է:
«Հարգելի դատարան, գրավի կիրառմամբ ինձ ազատ արձակելու դեպքում չեմ խոչընդոտի գործի քննությանը, չեմ խուսափի վարույթն իրականացնող մարմնից, չեմ կատարի Քրեական դատավարության օրենսգրքի 135 –րդ հոդվածով նախատեսված որևէ գործողություն: Վստահեցնում եմ, որ գրավի կիրառմամբ ինձ ազատ արձակելու դեպքում չեմ խախտի գրավի պայմանները:
Միջնորդում եմ որպես կալանավորմանն այլընտրանքային խափանման միջոց իմ նկատմամբ կիրառել գրավ՝ 1,5 միլիոն դրամի կամ դատարանի կողմից ողջամիտ համարվող այլ գումարի չափով»,- ասաց Ա. Ղուկասյանը:
Մեղադրող դատախազն ասաց, որ միջնորդությունն ընտրված պահանջով առարկում է, գտնում է, որ անհիմն է:
Անդրիաս Ղուկասյանի փաստաբան Կարեն Մեժլումյանի խոսքով, մեղադրողն առարկելով իրենց միջնորդությունը՝ այդպես էլ չնշեց գործի նյութերում առկա որևէ փաստական տվյալ, որը հիմք է տալիս ողջամտորեն ենթադրել, որ Անդրիաս Ղուկասյանն ազդեցություն կգործի արդեն իսկ հարցաքննված, առերեսված վկաների նկատմամբ, կխուսափի գործի քննությունից, դատարանից, քրեական պատասխանատվությունից:
Դատարանը գնաց խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու:
Հարակից հրապարակումներ`
- Մեղադրանքը չեմ ընդունում. Ա.Ղուկասյան
- Եկել եմ այստեղ, որ ես մեղադրեմ. Անդրիաս Ղուկասյան
- Անդրիաս Ղուկասյանի քրեական գործն ուղարկվել է դատարան
- ՀՔԾ. Մեղադրական եզրակացությամբ ավարտվել է Անդրիաս Ղուկասյանի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունը
- Անդրիաս Ղուկասյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է
- Հայտարարություն. Անդրիաս Ղուկասյանին ներկայացված մեղադրանքները շինծու են
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում շատ են աշխատում, քիչ վճարվում. Աշխատանքի օրը՝ աշխատավորների խնդիրների մասին