Դաստաներով այս օրենքները գալիս վերջին օրերին մտնում են խորհրդարան. Մարուքյան
Կառավարության կողմից ներկայացված երեք օրենքի նախագծեր և մեկ օրենսդրական փաթեթ Աժ արտահերթ նիստում պետք է քննարկվի և քվեարկվի հատուկ ընթացակարգով՝ երկու ընթերցմամբ:
Ֆինանսների նախարար Վարդան Արամյանն իր ելույթում հայտնեց, որ դրանք են՝ «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին, «ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին և ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերը։
Նախարարին հարց ուղղեց «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը. «Ո՞նց է լինում որ կառավարությունը դեկտեմբերին, դեկտեմբերի կեսին հիշում է, որ նման նախագծեր կան որ պետք է ընդունեն և հունվարի 1-ից դրանք գործի դնել։ Միշտ է այդպես լինում, ամեն տարի մենք ասում ենք՝ այսպես չի կարելի, հանգիստ ընթացակարգով եկեք քննարկենք, մանրամասն հասկանանք ինչ ենք փոխում, բայց այդպես դաստաներով այս օրենքները գալիս են վերջին օրերին մտնում են խորհրդարան։ Նո՞ր է հիշում կառավարությունը սա, ինչու՞ է վերջում գալիս, դրանց մեջ բնականաբար կան լավ բաներ, կան վատ բաներ, բայց դա հասկանալու համար պետք է մանրամասն կարդանք, խոսենք, հարց տանք, ե՞րբ անենք»։
Արամյանն արձագանքեց, որ հասկանում է Մարուքյանի մտահոգությունը. «Կյանքը շարունակվում է, մշտապես կարող են առաջանալ նմանատիպ իրավիճակներ, ցանկացած օրենք, նախքան ձեր դատին հասցնելը, պետք է քննարկվի այլ մարմինների հետ, նոր ուղարկվի»։
Ֆինանսների նախարարի խոսքով՝ հնարավոր չէ ամբողջությամբ բացառել նման իրավիճակները:
«Այսինքն դեկտեմբերի վերջին է միայն կառավարությունն իմանում՝ ինչ է պետք փոխել: Սա նորմալ պրակտիկա չէ: Օրենքները դակվելու են, անցնելու են, գնան, ու հետո մեր քաղաքացիները շատ վատ կյանք են ունենալու, սրանք իրար հետ փոխկապակցված են»,- արձագանքեց Մարուքյանը։
ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը պարզաբանեց, որ այն օրենքները, որոնք հնարավոր չէ մեկ արտահերթի ընթացքում քննարկել, չեն բերվի օրակարգ և կտեղափոխվեն դեկտեմբերի 19-ին արտահերթ նիստ. «Շատ մանրամասն աշխատել ենք կառավարության հետ, այնպես չէ, որ մեխանիկորեն ենք մոտեցել հարցերին»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց