Համայնքային բյուջեն թալանած համայնքապետերը եղել են այնքան, ինչքան եղել են. Ատոմ Ջանջուղազյան
ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ, երկրի գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը հավաստիացնում է, որ չի ճանաչում գող, համայնքային միջոցները մսխած համայնքապետերին:
Այս մասին նա հայտարարեց այսօր ԱԺ-ում՝ լրագրողների հետ զրույցի ժամանակ՝ անդրադառնալով ՀՀ նախագահի այն հայտարարությանը, որ համայնքապետերին գողություններն այլևս չեն ներվելու։
«Որ ասում եք շատ են եղել, ես էդ հարցը չեմ հասկանում։ Եղել են այնքան, ինչքան եղել են և դրանք հրապարակվել են», - նշեց նա։
Հարցին, թե բյուջեից համայնքներին տրամադրված միջոցների քանի՞ տոկոսն է անարդյունավետ ծախսվում, պաշտոնյան պատասխանեց.
«Եթե ես իմանամ անարդյունավետ ծախսի չափը, ապա դրանք կդադարի անարդյունավետ լինել, որովհետև մեր խնդիրն է ջանքեր չխնայել, որ անարդյունավետ ծախսեր չլինեն, այսինքն, եթե ես անարդյունավետ ծախսերի տեղը իմանամ, ես միջոցներ կձեռնարկեմ դրանք արդյունավետ դարձնելու համար»:
Ատոմ Ջանջուղազյանն ընդգծեց, որ համայնքներին բյուջեից տրամադրվող տարեկան դոտացիաները կազմում են 48 մլրդ դրամ սակայն անհնար է ասել, թե դրանց որ մասն է անարդյունավետ ծախսվել։
Դիտարկմանը, որ Վերահսկիչ պալատի նախկին նախագահ Իշխան Զաքարյանը ժամանակին ասում էր՝ բյուջեից տրամադրած միջոցների 70 տոկոսը մսխվում է, պաշտոնյան նկատեց.
«Երբևէ լսած կա՞ք, որ կառավարությունը որևէ նման բան ասի։ Չեք կարող այդպիսի բան լսել։ Լավ, ասենք՝ Իշխան Զաքարյանն ասել է, բայց ինչի՞ եք ինձ հիմա նման հարց տալիս, ես այդպիսի բան չեմ կարող ասել, որովհետև այդպես չեմ մտածում, որովհետև գիտեմ, որ դա այդպես չի չափվում։ Հիմա այդ 70 տոկոսի տեղը դուք տեսե՞լ եք։ Պատկերացնում եք՝ դա ի՞նչ մեծ գումար է։ Դուք համարում եք, որ այդքանը հնարավո՞ր է մսխվեր»։
Հարցին, թե արդյոք 48 մլրդ դրամը բավարար է համայնքային զարգացման համար և արդյոք ճիշտ կլինի, եթե պետբյուջեն ընդհանրապես դադարեր համայնքներին դոտացիաներ տալ, փոխնախարարը պատասխանեց.
«Չեմ կարծում, որ որևէ ծախս բավարար է այն նպատակի լիարժեք իրագործման համար, որին նպատակաուղղված է, որովհետև մեր կարիքները բոլոր ուղղություններով ավելի մեծ են, քան բյուջեն հնարավորություն ունի։ Միջոցներ տրամադրում համայնքներին պետք է այնքանով, քանի դեռ ունենք տարածքային համաչափ զարգացման խնդիրներ։ Եթե ինձ կարող եք ասել մի բանաձև, որը հնարավորություն կտա առանց դոտացիաների տրամադրման զարգացնել համայնքները, եկեք քննարկենք, բայց այդպիսի տարբերակներ, կարծում եմ, քիչ կգտնենք»։
Հարակից հրապարակումներ`
- Բարեփոխումները էական արդյունք չեն ունենա, եթե համայնքապետերը չձերբազատվեն ամեն ինչ պետության ուսերին բարդելու սովորությունից. «Առավոտ»
- Որոշ համայնքապետեր իսկապես չարաշահել են իրենց դիրքերը և պետք է պատասխան տան. Արմեն Ռուստամյան
- Սերժ Սարգսյան. Մենք կարող ենք և պարտավոր ենք միասին ու պատվով հանձնել այս քննությունը
- «Համայնքների խոշորացմամբ մենք թվաբանության խնդիր չենք լուծում»
- Կառավարության առաջարկած նոր մոդելով՝ համայնքներն ինքնուրույն են ֆինանսական միջոցներ հայթայթելու
- Առաջիկա տարիներին նախատեսվում է խոշորացնել ևս 450 համայնք
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում շատ են աշխատում, քիչ վճարվում. Աշխատանքի օրը՝ աշխատավորների խնդիրների մասին