Հայաստանի քաղաքները պարտավորվել են կրճատել ջերմոցային գազերի արտանետումները
Քաղաքապետերի դաշնագրի մասնակից հանդիսացող քաղաքներից Ծաղկաձորը, Հրազդանը, Ապարանը, Վայքը, Արթիկը, Երևանը և Վանաձորը պարտավորվել են մինչև 2020 թվականը 20%-ով կրճատել Ջերմոցային գազերի (ՋԳ) արտանետումների տարեկան ծավալը։ Այս մասին հայտարարել է ՏԿԶ նախարարության տեղական ինքնակառավարման վարչության պետ Աշոտ Գիլոյանը՝ Մինսկում ներկայացնելով ՀՀ-ում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրով իրականացվող աշխատանքների ընթացքը, Կառավարության կողմից իրականացվող քայլերը, օրենսդրական փոփոխությունները և այլ հարցեր:
Նա նշել է, որ մասնակից մյուս քաղաքները՝ Տաշիրը, Կապանը, Ալավերդին, Փարաքարը, Գորիսը, Ախթալան, Մասիսը, Գավառը և Իջևանը պարտավորվել են մինչև 2030 թվականը ՋԳ արտանետումների տարեկան ծավալը կրճատել մինչև 30%-ով։ Այս նպատակներով իրականացվող ներդրումների ընդհանուր ծավալը հավասար է 296,3 մլն ԱՄՆ դոլարի։
Նախարարության հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, համաժողովի ժամանակ հայկական պատվիրակության անդամները ներկայացրել են ծրագրի շրջանակներում Հայասստանում իրականացված աշխատանքները:
Մասնավորապես նշվել է, որ Վայք և Սպիտակ համայնքներում 40-ից ավել շենքերի և շինությունների էներգաարդյունավետության բարձրացման և վերականգնվող էներգետիկ ռեսուրսների կիրառման (մոտ 75 կՎտ հզորությամբ արևային ֆոտովոլտային տեղակայանքների տեղադրում) նպատակով համայքներին հատկացվել է 1,687,539 եվրո, որի 80%-ը տրամադրվում է Եվրոպական միության, իսկ 20%-ը համաֆինանսավորվում է Սպիտակ և Վայք քաղաքների կողմից։
Կարևորել է նաև ծրագրի փուլայնությունը և հավասարաչափ բաշխվածությունը հանրապետության ողջ տարածքում:
Հարակից հրապարակումներ`
- Երևանում ջերմոցային գազերի արտանետումների կրճատմանն ուղղված նոր ծրագրի մեկնարկ տրվեց
- Ջերմոցային գազերի արտանետումների կրճատումով պետք է պայքարել կլիմայի փոփոխության դեմ. Ս. Պապյան
- Ջերմոցային գազերի արտանետումների կրճատման գործողություններ՝ Հայաստանում