Վստահ էի, որ Հակոբ Հակոբյանի հարցն իրավական հարթությունում չէր լուծվելու. քաղտեխնոլոգ
Զարմանալի չէ, որ թանկացումների և առավել աղքատ խավի թեմային վերջերս անդրադարձած ՀՀԿ-ական պատգամավոր Հակոբ Հակոբյանի դեմ ֆեյսբուքյան ակցիան իրավական որևէ հետևանք չունեցավ։ Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը։
«Ես ի սզբանե գիտեի, որ հարցն իրավական հարթությունում չի լուծվելու։ ՀՀԿ-ն ինքը պետք է հասկանար, որ անհրաժեշտ է նախադեպ ստեղծել՝ կամ ստիպել, որ Հակոբ Հակոբյանը վայր դնի պատգամավորական մանդատը կամ գոնե նրան զրկել Ազգային ժողովի առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնից։ Հանրապետականը պետք է քաղաքական նախադեպի մշակույթ ստեղծեր, ինչը, սական չարեց։ Ես ՀՀԿ-ին հաղթաթուղթ էի տվել, և ակնկալվում էր, որ հարցը պետք լուծվեր գոնե բարոյական հարթության մեջ»,- նշեց քաղտեխնոլոգը։
Կարեն Քոչարյանի համոզմամբ, Հակոբ Հակոբյանի հարցն անհետևանք թողնելով՝ Հանրապետական կուսակցությունը նախևառաջ ինքն իր համար է դժվարություններ ստեղծում։ «Գոնե ես գիտեմ՝ ինչպես էին ՀՀԿ խմբակցության պատգամավորները վերաբերում նրան։ Սխալն ինչ-որ պահի պետք է սկսել շտկել, երբեք ուշ չէ համապատասխան գործընթաց սկսել։ Եթե կուսակցությունը քաղաքական քայլ կատարի և նախադեպ ստեղծի, հավաստիացնում եմ, որ յուրաքանչյուր պատգամավոր, անկախ կուսակցական պատկանելությունից, միտք արտահայտելուց առաջ կմտածի»,- ասաց նա։
Անդրադառնալով ֆեյսբուքյան իր նախաձեռնության նկատմամբ քաղաքացիական հասարակության ակտիվությանը՝ Կարեն Քոչարյանն ընդգծեց, որ ինքը շնորհակալություն է հայտնել օգտատերերին՝ իրեն աջակցելու համար։
Նրա խոսքով, եթե սրանից մի քանի տարի առաջ քաղհասարակությունն արձագանքում էր գրեթե բոլոր ակցիաներին ու նախաձեռնություններին, ապա այժմ ավելի հասուն է դարձել և կարողանում է տարբերակել կարևոր ակցիաներն անկարևորներից։
Հիշեցնենք, որ Հակոբ Հակոբյանը շաբաթներ առաջ հայտարարել էր՝ թանկացումը չի վնասի աղքատներին, որովհետև նրանք գումար չունեն և առանձնապես շատ բան չեն կարողանում գնել:
«Աղքատը քիչ է ծախսում, հետևաբար թանկացումը բերում է նրան, որ աղքատը ստիպված, ինքնաբուխ ձևով խուսափելու է թանկացած ապրանքներից: Աղքատ մարդկանց մոտ սովորություն կա, որ նրանք խուսափում են թանկացած կամ թանկ ապրանք գնելուց»,-ասել էր նա:
Հարակից հրապարակումներ`
- Առաջինը ՀՀԿ-ին է շահեկան, որ իրենց շարքերում Հակոբ Հակոբյանի նման մարդիկ չլինեն. քաղտեխնոլոգ
- ՀՀԿ-ական պատգամավոր. Աղքատներին թանկացումը չի վնասում, մեկ է գումար չունեն և առևտուր չեն անում. «Ժողովուրդ»
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց