Ուկրաինայում առևանգված հայաստանցի տղաների համար 5 մլն դոլարին համարժեք բիթքոին են պահանջել
Ուկրաինայի Սումսկի շրջանում՝ Ռուսաստանի սահմանին ձերբակալվել է 22-ամյա մի կին ու նրա հետ ապրող 41-ամյա տղամարդ: Ուկրաինական Fakty լրատվամիջոցի փոխանցմամբ, զույգին կասկածում են գումար աշխատելու նպատակով մարդկանց առևանգման մեջ:
Ուկրաինայի Ազգային ոստիկանության գլխավոր վարչության ղեկավար Անդրեյ Կրիշենկոն հայտարարել է, որ Հայաստանի քաղաքացի երկու տղաների, որոնք միմյանց ազգականներ են, առևանգել են անցորդների աչքի առաջ, ապա 70 օր պահել են թաքստոցում:
«Նրանց ազատ արձակելու համար առևանգողները Հայաստանի հայտնի բիզնեսմեներից մեկից 5 մլն դոլարին համարժեք բիթքոին են պահանջել: Առևանգվողներից մեկը եղել է այդ գործարարի որդին»,- հայտարարել է ոստիկանության ներկայացուցիչը:
Ըստ աղբյուրի, չարագործներին հաջողվել է գտնել այն ժամանակ, երբ առևանգված տղաներից մեկը կարողացել է փախուստի դիմել:
«Տղաներից մեկը ինչ-որ կերպ կարողացել է ազատվել շղթաներից, որոնցով կապված է եղել: Նա կոտրել է պատուհանն ու երկրորդ հարկից դուրս թռել, վնասվածքներ է ստացել, սակայն կարողացել է փախչել ու դիմել ոստիկանություն»,-նշել են ոստիկանությունից:
Առևանգողները ձերբակալվել են Ուկրաինայից փախչելու փորձի ժամանակ: Նրանց նկատմամաբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: Նրանք չեն ընդունում իրենց մեղքը: Նշվում է, որ նրանց մոտ գտել են թղթապանակներ, որտեղ նշում են եղել այլ հարուստների մասին: Ենթադրվում է, որ նրանք նոր առևանգումների էին պատրաստվում:
Առևանգված տղաները պատմել են, որ այդ 70 օրերի ընթացքում իրենք շղթայակապ են եղել: Իրենց հետ շփվողները մշտապես դիմակով են եղել: Իրենց հետ վերաբերվել են նորմալ, կանոնավոր կերակրել են: Այս պահին հետախուզում է հայտարարվել բանդայի մյուս անդամների նկատմամբ:
Հիշեցնենք, որ խոսքը գործարար Սերգեյ Մանուկյանի որդու և նրա զարմիկի մասին է: Ազատ արձակված որդին` Արման Մանուկյանը երեք օր առաջ Հայաստան է վերադարձել։
Դեռևս 2017 թվականի նոյեմբերին գործարարի որդուն և զարմիկին Ուկրաինայի մայրաքաղաք Կիև քաղաքում անհայտ անձինք զենքի սպառնալիքով առևանգել էին սեփական առանձնատան բակից, և մոտ երկու ամիս երիտասարդ տղաների տեղն անհայտ էր, նրանց մասին որևէ տեղեկություն չկար, և միայն օրերս են նրանց ազատ արձակել։
Հարակից հրապարակումներ`
- Շինանյութի Սերգեյը մտադիր է վաճառել Ուկրաինայում գտնվող խաղային բիզնեսը. «Հրապարակ»
- Շինանյութի Սերոժի՝ առևանգված որդին հայտնաբերվել է. «Ժողովուրդ»
- Կիևում առևանգվածի հայ երիտասարդի հարազատները ոստիկանություն չեն դիմել. ՀԺ
- Կիևում առևանգվածը Հայաստանի մարզպետներից մեկի աներորդին է. ՀԺ