ՄԻՊ. Աբովյանի մանկապարտեզներից մեկում երեխաները չեն կարողանում ձեռքերը լվանալ անգամ սանհանգույցից օգտվելուց հետո
Հայաստանյան կրթական շատ հաստատությունների շենքային պայմանները վատն են, երբեմն՝ վթարային, չկա տաք ջուր, սանհանգույց, ջեռուցում, ինչի հետևանքով պատշաճ ջեռուցում չի իրականացվում: Տարեկան իր հաղորդման մեջ նման մտահոգություններ է հայտնել ՄԻՊ-ն ու ներկայացրել կոնկրետ փաստեր:
«Առանձին դեպքերում դպրոցի շենքային պայմաններով պայմանավորված ծնողներն արգելել են երեխաներին դասի գնալ։ Մասնավորապես, Արմավիրի մարզի Ջրարբի համայնքի բնակիչները 2017 թվականին բողոքի ցույց և դասադուլ են կազմակերպել, քանի որ դպրոցի շենքը վթարային վիճակում է և ջեռուցում չունի։ Ի վերջո, դպրոցի ջեռուցման հարցը լուծվել է, իսկ շենքային պայմանների բարելավումը խոստացել են իրականացնել առաջիկայում: 2017 թվականին բարձրաձայնվել է նաև Արագածոտնի մարզի Ծիլքար համայնքի միջնակարգ դպրոցի անմխիթար պայմանների վերաբերյալ: Այստեղ շենքային և սանիտարահիգիենիկ անբավարար պայմաններից զատ դպրոցում չի իրականացվում պատշաճ ջեռուցում: Դասասենյակներում տեղադրված են թիթեղյա վառարաններ, որոնց օգտագործումը արգելված է ՀՀ առողջապահության նախարարի հրամանով: Ըստ առկա տեղեկությունների՝ ջերմաստիճանը հասնում է 13-14 աստիճանի, դպրոցում չի գործում նաև մարզադահլիճ, հնարավոր չէ պահպանել պատշաճ մաքրություն, քանի որ հատակը բետոնապատ է և քայքայված»,-ներկայացնում է ՄԻՊ-ը:
Չնայած, որ հանրակրթական դպրոցների շենքային և գույքային պայմաններում խնդիրներ առկա են թե՛ քաղաքային, և թե՛ մարզային ու գյուղական դպրոցներում, սակայն ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ առավել խոցելի են այս առումով գյուղական դպրոցները: Բացի դպրոցների ընդհանուր շենքային պայմաններից, խնդրահարույց է նաև դրանց սանիտարահիգիենիկ պայմանների ապահովումը:
«Ըստ ուսումնասիրությունների՝ անբավարար շենքային պայմանները բազմիցս մատնանշվում են Եղեգնաձորի թիվ 2 մանկապարտեզի ծնողների կողմից, ըստ որոնց՝ մանկապարտեզի շենքը վթարային վիճակում է: Մալիշկայում նույնպես նշում են շենքային վատ պայմանների մասին, մասնավորապես` թիվ 1 մանկապարտեզում, որը ստեղծվել է այլ նպատակով կառուցված շենքի բազայի վրա, իսկ թիվ 2 մանկապարտեզում, չնայած վերջերս իրականացված վերանորոգմանը, մնացել են չվերանորոգված սենյակներ։ Նոր Խարբերդի մանկապարտեզում hիմնական խնդիրը տարածքի պակասն է. խմբերից մեկը տեղակայված է դահլիճում, որը հարմարեցվել է որպես խմբասենյակ»,-հաղորդման մեջ տխրեցնող փաստերի թվարկումը շարունակում է պաշտպանը:
Այս խնդիրների վերաբերյալ ահազանգեր են ստացել նաև պետական և տեղական ինքնակառավարման մարմինները: Մասնավորապես՝ ՀՀ կրթության և գիտության նախարարության տեղեկությունների համաձայն՝ ՀՀ Կոտայքի մարզի Աբովյան համայնքի N 12 մանկապարտեզից ստացված դիմումում բերված փաստարկները հայտնում են, որ մանկապարտեզում չի մատակարարվում տաք ջուր: Արդյունքում, երեխաները զրկված են եղել տարրական հիգիենիկ պայմաններից:
«Մասնավորապես, ծորակից հոսող ջուրն այնքան սառն է, որ դաստիարակները և դայակները ստիպված արգելում են երեխաներին լվացվել անգամ սանհանգույցից օգտվելուց հետո: Ուսումնասիրությամբ պարզվել է, որ բերված փաստարկները մեծ մասամբ համապատասխանում են իսկությանը»,-նշվում է տարեկան հաղորդման մեջ:
Պաշտպանը նկատում է, որ գործնականում, ջեռուցումը նոյեմբերի 15-ից սկսելու արդյունքում հաշվի չի առնվում հանրակրթական ուսումնական հաստատության տեղակայվածությունը (օրինակ՝ քամոտ կամ խոնավ վայրերում տեղակայված դպրոցներում անհրաժեշտ է ջեռուցումը սկսել ավելի վաղ քան նոյեմբերի 15-ը), ինչպես նաև հաշվի չեն առնվում նաև տվյալ տարվա բնակլիմայական պայմանները:
Ջեռուցման խնդիրը ևս հատկապես արդիական է մարզերում, ինչի արդյունքում որոշ դեպքերում նախադպրոցական ուսումնական հաստատությունների աշխատանքը կրում է սեզոնային բնույթ։ Ավելին, որոշ դեպքերում էլ խնդրահարույց է նաև կենտրոնացված ջեռուցման համակարգի բացակայությունը: Մասնավորապես, Տավուշի մարզում որոշ նախակրթական ուսումնական հաստատությունների ծնողներ իրենց անհանգստությունն են հայտնել առ այն, որ մարզային մանկապարտեզներում էլեկտրական կամ փայտե վառարաններ են օգտագործվում, ինչն անվտանգ չէ իրենց երեխաների համար:
ՄԻՊ-ն արձանագրում է՝ տեղեկատվության ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ հանրակրթական ուսումնական հաստատություններում անբարեկարգ շենքային և գույքային, ինչպես նաև ջեռուցման խնդիրները շարունակում են չլուծված մնալ 2017 թվականին ևս, մեծապես խոչընդոտելով դասապրոցեսի իրականացումը, ինչը հանգեցնում է երեխաների սահմանադրական իրավունքի իրականացման խախտման:
Խնդիրների լուծման համար Պաշտպանն անհրաժեշտ է համարում՝
1. ավելացնել հանրակրթական ուսումնական հաստատություններում շենքային և գույքային պայմանների բարելավման համար հատկացվող ֆինանսական միջոցները.
2. ապահովել հանրակրթական ուսումնական հաստատություններում օդային և ջերմային ռեժիմի պահպանման պահանջների կատարումը՝ ուժեղացնելով վերահսկողությունը դրա խախտման դեպքերի բացահայտման ուղղությամբ:
Հարակից հրապարակումներ`
- Պաշտպան. Աշխատելու պատճառով երեխաներն առավել հաճախ դպրոցից բացակայում են Գեղարքունիքում
- Պաշտպան. Ճանապարհներն անբարեկարգ են, տրանսպորտը՝ գերբեռնված
- Չորաթանի դպրոցն ու աշակերտների կիսատ մնացած ցանկությունը
- Վերին Կարմիր Աղբյուրի դպրոցը` կիսավարտ, վթարային շենքում
- Դաստակերտի դպրոցի տանիքը` անձրևաջրերով լցված, դպրոցը` քանդման եզրին
- Քամին տանիքն է տարել, անձրևները լցվել են շենք, քայքայել պատերն ու հատակը. Սպանդարանի դպրոցը
- Փլատակ դարձած դպրոցը. 10 տարի փայտե տնակներում, հետո` խոնավ ու բորբոսնած պատերով շենքում
- Հիմքերն անձրևաջրերով են լցվում, տանիքը` կաթում, հատակը քանդված է… Վերիշենի դպրոցը
- Թասիկի դպրոցը` առանց դպրոցական շենքի, 14 աշակերտով
- Քայքայված ու մաշված. Արտաբույնքի դպրոցի մեծ դասասենյակները տաքացնել չի լինում, ջեռուցումը դուրս է ցնդում
- Քանդված տանիքով դպրոցը. Տնօրենը հնամաշ պատուհաններին մի կերպ ապակի է գցում ու ցելոֆաններ փակցնում
- Քանդված հատակ, փտած դռներ, առաստաղից երևացող գերաններ և մութ դասասենյակներ. Կուտականի դպրոցը
- Դպրոցը՝ նախկին կոլխոզի շենքում. Սալվարդում ընդամենը 15 աշակերտ կա
- «Կոմպլեկտավորած դասարանում ուսման որակի հերն անիծվում է». Դպրոցի տնօրենը զենքերը վայր չի դնում
- Պատուհանից այն կողմ` ցելոֆաններ երկնքի փոխարեն. Սորիկի աշակերտների երազանքն ու իրականությունը
- Դպրոցը՝ վթարային շենքում. Դաշտադեմում մի քանի օրից ընդամենը ինը աշակերտ կմնա
- Քայքայված պատեր ու ծակ լուսամուտներ. Վաղատինի դպրոցը
- Յոթ աշակերտով դպրոցը, Աճարկուտում քիմիայի լաբորանտն արդեն 15 տարի հայոց լեզու է դասավանդում
- Հրանտ Մաթևոսյանի անվան դպրոցը մի դասարանացու աշակերտներ ունի
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում փոքրահասակ բնակչության շրջանում բավականին տարածված է գժախոտով թունավորումը. Ռ. Աբովյան