Ես չեմ ցանկանա, որ այս կառավարությունը հայտնվի ծուղակի մեջ. Խոսրով Հարությունյան
Հեղափոխությունը մարդկանց մոտ աներկբա, այս պահին խնդիրներ լուծելու անհրաժեշտություն է առաջացնում: Մայիսի 17-ին լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ հայտնեց ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Խոսրով Հարությունյանը՝ նշելով, որ արդեն իսկ գյուղացիներն ասում են՝ մեր խնդիրները լուծեք, տաքսու վարորդները՝ վարկերը մարեք:
Բանախոսը նշեց՝ այն խնդիրները, որոնք ձևավորված են մեր իրականության մեջ, ձեռքի մի հարվածով լուծվող խնդիրներ չեն: Նա, սակայն, հավելեց, որ վերջին այս շարժման ժամանակ ոչ ոք չէր փորձում ավելի կոշտ խնդիրներ դնել, ասել՝ սիրելիներս, սա է խնդիրը, և դրա լուծումը պահանջում է որոշ ժամանակ:
«Ես չեմ ցանկանա, որ այս կառավարությունը հայտնվի ծուղակի մեջ, դա որևէ մեկիս շահերից չի բխում: Ես չեմ հասկացել՝ ինչու են մարդիկ անհամբեր սպասում որևէ կառավարության ձախողման, քանի որ դրա հաջողությունը բոլորինս է, անհաջողությունը ևս»,- ասաց նա՝ հավելելով, որ երբեք չի նպաստի որևէ գործողության, որ կառավարությանը կդնի այդպիսի դժվար վիճակի առջև:
Հարցին՝ նոր Կառավարության կազմը որքանո՞վ է դրական ակնկալիքների տեղ տալիս, ո՞ր ոլորտներում արված նշանակումներն են իրեն գոհացնում, և հակառակը՝ որո՞նք են մտահոգիչ, նա պատասխանեց. «Երբ առաջին նշանակումներն եղան՝ ՊՆ, ԱԳՆ, ֆինանսների նախարար, այդ թվում՝ փոխվարչապետի, իմ մտահոգությունները մասամբ փարատվեցին, որովհետև այդ պաշտոններում հայտնվեցին մարդիկ, որ իրենց գործում պրոֆեսիոնալներ են»:
ՀՀԿ խմբակցության անդամը նշեց, որ լավ ճանաչում է նաև Մհեր Գրիգորյանին, Արծվիկ Մինասյանին ևս կվստահեր, նույնը կարող է ասել գյուղնախարարի մասին, ում փորձառությունը վստահություն է ներշնչում, իսկ մնացածին չի ճանաչում:
Հարությունյանն անդրադարձավ նախարարների տարիքի վերաբերյալ քննարկումներին, նշեց՝ երիտասարդ լինելը բացասական չէ, նման դեպքերում ավելի կարևոր է փորձառության պակասը:
«Ես հիմա տեսնում եմ՝ նրանք ինչով են փորձում հանրությանը գրավել՝ ոտքով գնալ, բոլորին բարևել, բայց նախարարից դա չեն սպասում, սպասում են որոշումներ, իր ոլորտում քաղաքականության իրականացում: Ես կարծիքներ հայտնելուց զերծ կմնամ, կսպասեմ»,- ասաց բանախոսը՝ հավելելով, որ հնարավորությունների չափով ինքն էլ հնարավորինս կնպաստի նոր Կառավարության աշխատանքին:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Քաղտեխնոլոգ. Մոսկվայում Ալիևը հրաժարվեց վճարել խաղաղապահների՝ Արցախից դուրս գալու գինը