Կուսակցությունների կայացումը միայն այն չէ, որ մեծամասնականը հանում ենք, համամասնականն ենք թողնում. Սեյրանյան
«Կուսակցությունների կայացումը միայն այն չէ, որ մեծամասնականը հանում ենք, համամասնականն ենք թողնում»,- ԱԺ-ում Ընտրական նոր օրենսգրքի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՅԴ խմբակցության պատգամավոր Սպարտակ Սեյրանյանը:
«Այսպիսով խթանվում է կուսակցության ներքին դեմոկրատիան: Կուսակցության ղեկավարներից մեկն եմ, բայց գտնում եմ, որ կուսակցության ղեկավարությունը չպետք է միշտ որոշի իր ցանկը: Այդքան խոսում ենք ժողովրդավարությունից, բայց կուսակցություններին թույլ չենք տալիս ներքին ժողովրդավարություն կառուցել, եթե մենք ընտրում ենք ժողովրդավարական համակարգ, բայց կուսակցության ներսում տոտալիտար համակարգ ենք պարտադրում:
Էդ տոտալիտար համակարգով կուսակցությունը ժողովրդավարական համակարգի՞ է ձգտելու: Մի քիչ անտրամաբանական չէ՞։ Մարդիկ նստելու են 10 հոգու ցուցակ գրեն, ասեն՝ ընտրեք, չեք ընտրում, մի ընտրեք, էս է։ Կուսակցությունը հնարավորություն կունենա որոշել, պայմանական ասած, 5-ին, հասարակությունն էլ ընտրելու է իր 5-ին»,- շեշտեց Սպարտակ Սեյրանյանը:
Քննարկմանը ներկա ՀՀԿ-ական պատգամավոր Դավիթ Հարությունյանն իր հերթին ասաց, որ կուսակցությունները, որոնք երկար պատմություն ունեն, հասկանում են սրա անհրաժեշտությունն և խիստ կարևորությունը, իսկ կուսակցությունները, որոնք համեմատաբար նոր են քաղաքական ասպարեզում, չեն պատկերացնում վտանգները:
Ծառուկյան խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանն էլ կեսկատակ արձագանքեց. «Նորերի տառապանքը փորձ ունի։ Մտածում ենք, թե որտեղ եք քցում ժողովրդին»:
Քննարկման ավարտին հանձնաժողովի անդամները որոշեցին հաջորդ քննարկումն անցկացնել երեքշաբթի՝ ժամը 12:00-ին։ Այդ օրը, ըստ պայամնավորվածության, պետք է «այո»-ի և «ոչ»-ի քվեարկության դնել օրակարգային հարցերը՝ հասկանալու՝ որ հարցերում կա կոնսենսուս, որում՝ ոչ:
Հարակից հրապարակումներ`
- Ընտրությունների ժամանակ չի եղել ծրագրերի ու թիմերի մրցակցություն. Լենա Նազարյան
- Էդ ի՞նչ թրեյնինգ ենք անելու, մարդկանց քվեաթերթիկները հաշվե՞լ ենք սովորեցնելու. ՀՀԿ ներկայացուցիչ
- Եթե ընտրում ենք բարդ ընտրակարգ, արտահերթ ընտրությունները հնարավորինս հետաձգում ենք. Էդմոն Մարուքյան
- Առաջարկված մոդելներից ընտրում ենք ՀՅԴ-ի առաջարկած մեխանիզմը. Դավիթ Հարությունյան
- ՀՀԿ-ի առաջարկածը նախորդ ռեյտինգային ընտրակարգն է՝ մի քիչ այլ մոդիֆիկացիայով. Զոհրաբյան
- Լավ կլիներ՝ տիկին Հովհաննիսյանն այստեղ ներկա լիներ և մեկնաբաներ իր կողմից ասվածը. Մարուքյան