Կարևորը՝ ձևակերպվի, որ ամեն հայի նպատակն ի վերջո Հայաստան վերադարձն է. Փաշինյան
«Մենք ընդամենը մի քանի ամիս առաջ ապրեցինք երազելու ժամանակը և հիմա ապրում ենք երազանքները կյանքի կոչելու ժամանակ»,- այս մասին նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Փարիզի «Գաբրիել» սրահում նախօրեին Ֆրանսիայի մայրաքաղաքի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը։
Կառավարության հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ վարչապետը դիմելով հայ համայնքի ներկայացուցիչներին՝ նշել է «Ի գործ` դեպի քաղաքացիությամբ և ինքնությամբ ամրացած Արցախի Հանրապետություն, դեպի Հայաստանի Հանրապետություն, որը բոլոր հայերի հայրենիքն է, այն հայության հայրենիքն է, որ ապրում է վերադառնալու երազանքով, և եկել է այդ երազանքն իրականացնելու ժամանակը»։
Այնուհետև ներկաները վարչապետից հետաքրքրվել են Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ բանակցությունների արդյունքներից: Ի պատասխան` Նիկոլ Փաշինյանը նշել է.
«Այսօրվա հանդիպման ամենակարևոր արձանագրումը և արդունքը հետևյալն է. կարող ենք համարել, որ առաջիկայում Հայաստանի Հանրապետությունն ավելի լուրջ և մեծ միջազգային դերակատարում պետք է ունենա: Հեղափոխությունից հետո Հայաստանի միջազգային հեղինակությունն աճել է ու կարող ենք ավելի ակտիվ դերակատարում ունենալ միջազգային հարաբերություններում»:
Ֆրանսահայերը Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվել են նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորման հնարավորություններից և հարցրել՝ արդյոք Ադրբեջանի նախագահի հետ հանդիպում սպասվում է:
«Սպառնալիքների պայմաններում խոսել կարգավորման մասին, այնքան էլ իրատեսական չէ, եթե միջնորդներն իսկապես ուզում են, որպեսզի զբաղվենք կարգավորմամբ, իսկ մենք պատրաստ ենք կարգավորման, առաջին հերթին պետք է կարգի հրավիրեն Ադրբեջանի նախագահին: Եթե վերջինս մտածում է, որ սպառնալիքներով կարող է մեզ զիջման մղել, ապա սխալվում է: Այսօրվա Հայաստանը ուրիշ Հայաստան է, որն աշխարհի բոլորին հայերին դիմում է այնպես, ինչպես այսօր ձեզ դիմեցի, որի շուրջ համախմբված է ողջ հայությունը: Տվյալ դեպքում Ադրբեջանի ագրեսիվ գործողությունը ստանալու է հակահարված՝ համախմբված և դուխով հայ ժողովրդի կողմից»,- ընդգծել է Նիկոլ Փաշինյանը:
Անդրադառնալով Հայաստան-սփյուռք հարաբերություններին՝ Փաշինյանը նշել է. «ՀՀ-ից դուրս գտնվող յուրաքանչյուր ընտանիքում անընդհատ այդ թեման պետք է հնչի: Կապ չունի՝ ներկաներից քանիսը երբ կվերադառնան, եթե վերադառնան՝ շատ լավ, եթե նրանց երեխաները վերադառնան՝ շատ լավ, եթե երեխաները չէ, թոռները վերադառնան՝ լավ, կարևորը՝ ձևակերպվի, որ ամեն հայի նպատակն ի վերջո Հայաստան վերադարձն է: Եվ այդ վերադարձի գաղափարը պետք է լինի մեր ինքնության, երեխաների դաստիարակության մի մասը, մնացածն ինքն իրեն կստացվի: Կարևորը՝ որ դա լինի երազանք»:
Հարակից հրապարակումներ`
- Փաշինյան. Ցանկացած լուծում պետք է հիմնված լինի կոնկրետ փաստերի վրա
- Փաշինյան. Հայաստանը հանձնառու է շարունակել բանակցությունները հիմնախնդրի խաղաղ կարգավորման ձեռքբերմանը հասնելու համար
- Փարիզում մեկնարկել է Մակրոն-Փաշինյան հանդիպումը
- Փաշինյան. «Քարֆուր»-ի փոքրանալու գործընթացը կանգնած է
- Փաշինյանը Ջորկաեֆին պարգևատրել է Երախտագիտության մեդալով
- Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանել է Փարիզ